Բարի օր Հասարակություն 

Ամուսնուս օրերով հաց և ջուր չէին տալիս հիվանդանոցում․ Հնարավոր կորոնավիրուսից մահացած տղամարդու կինն ահազանգում է

analitik.am

 

Այսօր՝ հունիսի 25-ին, Եղեգնաձոր քաղաքի բնակչուհի Լարիսան Analitik.am-ին ահազանգել է, որ կորոնավիրուսով վարակված իր ամուսնուն տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ սարսափելի վատ վերաբերմունք են ցուցաբերել:

«Ամուսնուս ոտքի մատները վիրահատել են «Էրեբունի» ԲԿ-ում, ինչից հետո ուղարկել են Յամեռի։ Նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել, սակայն ոչ մի թոքաբորբ չի եղել, ջերմություն չի ունեցել, իրեն վատ չի զգացել: Սիստեմաներից թոքերի շրջանում հեղուկ էր հավաքվում և մենք Եղեգնաձորում դա բուժում էինք: Դրանից հետո ասացին, որ ամուսինս թեստավորում է անցել և պատասխանը դրական է, ինչից հետո նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Ես 20 օր իր կողքին պառկած եմ եղել, մի ամանից միասին հաց ենք կերել։ Եթե ամուսինս վարակված լիներ, բա ես էլ վարակված չէի լինի՞: Եկել եմ տուն, 5 անչափահաս երեխա կա տանը, ոչ մի բան չի եղել: Հիվանդանոցում խնդրեցի, որ ես էլ մնամ ամուսնուս հետ, ես էլ թեստ հանձնեմ, բայց ինձ դուրս հրավիրեցին հիվանդանոցից»:

Տիկին Լարիսան նշեց, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ոչ հաց են տվել իր ամուսնուն, ոչ էլ ջուր. «Օրերով ծարավ էին թողել: Ամուսինս ասում էր, որ սուտկայով ջուր չեն տվել, պամպերս են հագցրել, բայց ամուսինս իր ոտքով զուգարան էր գնում: Մենակ տեսնեիք ինչ վիճակ էր ամուսնուս մոտ, շորերի կեղտը տեսնեիք, այնքան չէին փոխել, դուրս էր տվել մարմինը, գոնե ջուր տային էլի: Բերել ենք տուն ու 4 օր հետո ամուսինս մահացել է»:

Տիկնոջ խոսքերով կապի մեջ են եղել բժշկի հետ ու միշտ ասել են, որ իր ամուսինը լավ է․ «Բերել ենք տուն և ամբողջ ոտքերն ու ձեռքերը կապույտ էր: Չգիտեմ ինչ են արել, ինչ չեն արել, բայց ամբողջությամբ կապույտ էր: 100 կիլոգրամ քաշով մարդը դառել էր 40 կիլոգրամ»:

Analitik.am-ի հետ զրուցում մահացածի որդին՝ Արմանն ասաց, որ իրենց ոչ մի թուղթ ցույց չեն տալիս, անգամ թեստավորման պատասխաները չեն տեսել. «Մեզ համար ամեն ինչ անհասկանալի է: Հայրիկիս հետ ամեն ինչ նորմալ էր: Մայրս 20 օր խնամել է հորս ու նրան չեն թեստավորել, դա նորմալ չէ։ Տանը 9 հոգով ենք բնակվում, բա որ մայրս վարակակիր լիներ ու տան մյուս անդամներին վարակեր: Զանգահարել եմ բժշկին, որ հասկանամ՝ ինչու մորս չեն թեստավորում, իսկ ինքն ինձ ասում է՝ եթե ջերմություն չունի ու տեղ չի ցավում, ուրեմն նորմալ է, բան չկա:

Ամենաանհասկանալին այն է, որ հիվանդին  դուրս են գրել՝ ասելով, որ կորոնավիրուսի պատասխանը  բացասական է, իսկ մահվանից հետո թեստավորել են ու ասել, որ  պատասխանը դրական է: Գլխավոր բժշկին հարցրել եմ, թե ոնց է այդպես լինում, որ դուրս են գրում բացասական պատասխանով, սակայն հետո դառնում է դրական, բժիշկն ինձ պատասխանել է, որ սխալմունք է եղել․ «Հասկանո՞ւմ եք, այդ սխալմունքի պատճառով քանի մարդու կյանք է վտանգված»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից