Առողջապահություն Կորոնավիրուս 

Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ /Լուսանկարներ/

analitik.am

 

Առողջապահության նախարար (ԱՆ) Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի բացօթյա տարածքում մասնակցել է Հայկական բժշկական Ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը, որը ձևավորվել է մի շարք բժշկական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների համագործակցության շնորհիվ։ Վերջիններիս հետ սերտ աշխատել է նաև ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է նախաձեռնությունը և ընդգծել, որ մասնագիտական ասոցիացիաների ներուժը պետք է ակտիվ օգտագործել կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող պայքարում:

«Հատկապես ողջունելի է, որ ոչ թե մենք ենք դիմել և նախաձեռնել, այլ հենց մասնագիտական ասոցիացիաներն են հանդես եկել նմանօրինակ առաջարկով:

Ես նաև ուրախ եմ, որ Առողջապահության ազգային ինստիուտը, որպես գիտակրթական կառույց, այդ թվում` Հանրապետական գիտաբժշկական գրադարանը գործընթացի մի մաս են կազմում և առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության ազգային ինստիտուտին` կորոնավիրուսային հիվանդության ընթացքում մասնագետների լայնածավալ վերապատրաստումներ իրականացնելու համար»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մասնագետները կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող աշխատանքների վերաբերյալ իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին և պատրաստակամություն հայտնել նախարարության հետ ստեղծելու համագործակցության հարթակ` հիվանդությունը վարելու գործելակարգերի վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, հավանություն տալով նեղ մասնագետների ներկայացրած առաջարկներին՝ Արսեն Թորոսյանը շեշտել է, որ առաջիկայում ակնկալում է դրանք տեսնել ավարտուն և գործնականում կիրառելուն պատրաստ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից