Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան նոր հակատանկային միջոցները Հունաստանի դեմ է օգտագործելու․հունական ԶԼՄ-ներ

analitik.am

Թուրքական FNSS ռազմաարդյունաբերական ընկերության կողմից արտադրված նոր հակատանկային միջոցների մատակարարումը Թուրքիայի զինված ուժերին արձագանք է գտել հունական մամուլում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հունական «Pentapostagma» կայքն անդրադարձել է հակատանկային զրահապատ մեքենաների մատակարարմանն ու ռուսական «Kornet» և թուրքական «Umtas» հակատանկային հրթիռների ինտեգրմամբ դրանց հաջող փորձարկումներին։

«Թուրքերը պատրաստվում են…» վերնագրով հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ Թուրքիայի բանակը նոր հակատանկային միջոցներով համալրելու մասին հայտարարությունը հաջորդել է Հունաստանի՝ ԱՄՆ-ից 1200 միավոր M117 զրահամեքենա և 350 միավոր M2A2 Bradley հարձակողական զրահամեքենաներ գնելու մասին հայտարարությունից հետո:

Հոդվածում պնդում է արվել նաև, որ Թուրքիան նախատեսում է իր սպառազինության մեջ մտցրած  «Kaplan» և «Pars» հակատանկային համակարգերն օգտագործել հունական տանկերի դեմ:

Հույն ռազմական լրագրողներից մեկն էլ սոցցանցում արած մեկնաբանության մեջ հարց է հնչեցրել, թե արդյոք Թուրքիան Միջերկրական ծովում սպասվող բախումից հետո նախատեսում է երկու երկրների սահմանով հոսող Մարիցա գետի կողմից օկուպացիայի ենթարկել Հունաստանը:

Նշենք, որ «Kaplan» թրթուրավոր թեթև քաշային հակատանկային զրահապատ համակարգերի ու «Pars» անվավոր հակատանկային զրահապատ համակարգերի առաջին խմբաքանակները թուրքական զինված ուժերին մատակարարվեցին 2019-ի դեկտեմբերին: Այնուհետև դրանք  թուրքական զինված ուժերի կողմից փորձարկվեցին ռուսական «Kornet» և թուրքական «Umtas» հակատանկային հրթիռներով:

Մինչև 2022թ. Թուրքիայի բանակին պետք է մատակարարվի ընդհանուր առմամբ 260 համակարգ (184 միավոր թրթուրավոր, 76 միավոր անվավոր), որոնցից 196-ի աշտարակներին տեղադրված կլինի թուրքական, իսկ 64-ի աշտարակներին ռուսական հակատանկային հրթիռներ:

Նույն շարքից