Հայաստան Քաղաքականություն 

ՍԴ-ի մասին ինչ օրենքներ ընդունեց Ազգային ժողովը

analitik.am

ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 30-ին գումարվել է  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան`  նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Նստաշրջանի աշխատանքներին չեն մասնակցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»  ընդդիմադիր խմբակցությունները:

Ազգային ժողովի որոշմամբ օրակարգային  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կանցկացվի այն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Օրենսդրական փաթեթը հեղինակել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը և Վահագն Հովակիմյանը: Նախագծերով ակնկալվում է սահմանել և հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը և կատարված փոփոխություններին համահունչ` ապահովել Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձևավորման գործընթացի ավարտը:

Զեկուցող Սուրեն Գրիգորյանի տեղեկացմամբ` մասնավորապես առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ` առաջինը թեկնածուի առաջադրում կատարելու է Կառավարությունը, երկրորդը` Հանրապետության նախագահը, իսկ երրորդ առաջադրումն անելու է Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ  դատավորների երեք  թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են միաժամանակ` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից` 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է` հունիսի 26-ից հետո` երկամսյա ժամկետում: Նախատեսվում է, որ Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած` Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում:

Մեկ այլ փոփոխությամբ,  Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերը համալրելու համար առաջադրումների ընթացակարգը հստակեցնելու նպատակով սահմանվել է, որ այն մարմինը, ում առաջադրմամբ արդեն իսկ պաշտոնավարում են համապատասխան թվով դատավորներ (ըստ Սահմանադրության` յուրաքանչյուր մարմնին համապատասխանում է երեք դատավոր), ապա այդ մարմինը չի առաջադրում թեկնածու, ինչը նաև բխում է Սահմանադրությամբ առաջադրումների հաջորդականությունը սահմանելու տրամաբանությունից:

Փոփոխություններ  են կատարվում նաև  լիազորությունների ժամկետը ավարտված և պաշտոնավարումը դադարած ՍԴ դատավորների`  կենսաթոշակի անցնելուն վերաբերող հոդվածում: Հստակեցվում է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը չդադարած ՍԴ մյուս դատավորների` պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հիմքը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը` նշելով, որ կարվեն խմբագրական և այլ բնույթի որոշ առաջարկներ:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է 80 կողմ, 1 դեմ ձայներով:

Հաջորդիվ քննարկվել է օրակարգի վերջին` «ՀՀ Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակներն են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ: Նախագծին կողմ են քվեարկել 81 պատգամավորներ: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը  տեղի կունենա այսօր:

 

Նույն շարքից