Հասարակություն 

«Իմ քայլը» հիմնադրամը պարզաբանում է տարածել

analitik.am

«Իմ քայլը» հիմնադրամը պարզաբանում է ներկայացրել Քալաշյան-Մամոյան ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ս.թ. հուլիսի 1-ին լրատվամիջոցներից մի քանիսն անդրադարձան Յուրիկ Քալաշյան և Քրիստինե Մամոյան ամուսինների բազմազավակ ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակին:

Որպես կանոն «Իմ քայլը» հիմնադրամը շահառու ընտանիքների պատմությունները չի բարձրաձայնում՝ հավատարիմ մնալով բարեգործության էթիկային և հարգելով նրանց անձնական տարածքը։ Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակում ստիպված ենք հանգամանորեն արձագանքել: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բարերարներին, որոնք անշահախնդիր կանգնել են այս ընտանիքների կողքին, երկու տարի շարունակ ցուցաբերել մարդասիրական աջակցություն:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Քալաշյան-Մամոյան ընտանիքը երկու տարի շարունակ «Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով անհատույց բնակվել է բարերարի հատկացրած բնակարանում։ Այդ ժամանակահատվածում Հիմնադրամն ընտանիքին ներառել է «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրում, որը նախատեսում է ընտանիքի ներուժի զարգացում և եկամտի աղբյուրի ստեղծման հարցում աջակցություն: Քանի որ ընտանիքը մեկ տարի շարունակ չի կատարել Հիմնադրամի ծրագրով իր պարտավորությունները, որոնք նախատեսում են աշխատանքի անցնելու և եկամտի աղբյուր ձևավորելու հարցում ակտիվ համագործակցություն, ծրագիրն ընտանիքի հետ դադարեցվել է։ Իսկ նախատեսված մեկ տարվա փոխարեն երկու տարի ժամանակավոր կացարանով ապահովված լինելը եղել է բարերարի բարի կամքի դրսևորումը։

Ընտանիքի պատմությունն ու նրանց ուղեկցող խնդիրները, ցավոք, նոր չեն: Նրանք դեռևս 2012 թ.-ից պարբերաբար բարձրաձայնում են իրենց կարիքները («Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման տեսաձայնագրությունը, 2012 թ.): Հիմնադրամը խնդրին անդրադարձել է 2018 թ.-ից, երբ բազմազավակ ընտանիքը տեղափոխվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում մի բարերարի տրամադրած տանը մեկ տարով ապրելու: Այս ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամը հանձն է առել ընտանիքին ներառել Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ իրականացվող «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրում։

Մեկ տարվա ընթացքում Հիմնադրամն ընտանիքին առաջարկել է առնվազն երեք տարով տեղափոխվել Նոր Խարբերդում մեկ այլ բարերարի տրամադրած երեք հարկանի առանձնատուն, որն ուներ մոտ 1000 քմ հողատարածք և խոշոր եղջերավորների համար նախատեսված գոմ ու կերի ամբար։ Այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ՝ Հիմնադրամը հանձն է առել ընտանիքին տրամադրել գույք, տնկիներ և ընտանի կենդանիներ։ Ընտանիքը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում զբաղվել գյուղատնտեսությամբ և ապրել Երևան քաղաքից դուրս։

Հիմնադրամն ընտանիքի մորը՝ Քրիստինեին, առաջարկել է անցնել վերապատրաստումներ, աշխատանք գտնելու համար ձեռք բերել հմտություններ, որից Քրիստինեն պարբերաբար հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ երեխաներին է խնամում: Այդ ընթացքում վեց անչափահաս երեխաները հաճախում էին N2 հատուկ դպրոցը, իսկ ավագը՝ Վարդաշենի դպրոցը, որտեղ գիշերում էին աշխատանքային օրերին։ Քրիստինեի հետ մնում էր միայն կրտսեր որդին, որը կարող էր հաճախել մանկապարտեզ։

2019թ. ամռանը Հիմնադրամը տեղեկացել է, որ անչափահաս ութ երեխաներից վեցին ընտանիքը մեկ ամսով կրկին հանձնել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն՝ շուրջօրյա խնամքի։ Հիմնադրամը Քրիստինեին կրկին առաջարկել է անցնել աշխատանքի, ինչը վերջինս կտրականապես մերժել է։ Ի դեպ, շեշտադրվել է նաև կացարան ունենալու պայմաններում երեխաներին «Զատիկ» տեղափոխելու աննպատակահարմարությունը։

Հիմնադրամն ընտանիքին առաջարկել է դիմել պետական «Այլ վայր» ծրագրին, որը նախատեսում է ընտանիքին գյուղում տան վարձակալության ֆինանսավորում և աշխատանքի տրամադրում։ Ընտանիքը մերժել է՝ պատճառաբանելով, որ Երևանից դուրս չի գալու։

2019թ. ամռանը լրացել է բարերարի տանը մեկ տարի ապրելու պայմանավորվածության ժամկետը։ Տանտիրոջ գիտությամբ՝ ընտանիքը շարունակել է բնակվել հավելյալ մեկ տարի։

2019թ. հոկտեմբերին Հիմնադրամը տեղեկացավ, որ երեխաները դպրոց չեն հաճախում՝ դպրոցական պարագաներ չունենալու պատճառաբանությամբ։ Հիմնադրամը դիմեց Խնամակալության և հոգաբարձուների մարմնին։ Թաղապետարանում հրավիրված ժողովին պարզ դարձավ, որ խոցելի ընտանիքներին տրամադրվում են անհրաժեշտ պարագաները, որոնք նախատեսված էին նաև Մամոյանների դպրոցահասակ երեխաների համար նույնպես, սակայն ընտանիքը չէր վերցրել այդ պարագաները թաղապետարանից մինչև հոկտեմբեր ամիս։

Ժողովին նաև Քրիստինեին առաջարկվել է նույն դպրոցում մաքրողի աշխատանք, որից նա հրաժարվել է։ Իսկ երեխաները սկսեցին դպրոց հաճախել միայն այն բանից հետո, երբ թաղապետը պարագաներն անձամբ տարավ նրանց տուն և երեխաներին իր մեքենայով հասցրեց դպրոց։ Սակայն մեկ ամսից երեխաները կրկին դադարեցին հաճախել դպրոց։

2020թ. մարտի 30-ից Հիմնադրամի միջնորդությամբ ընտանիքն ընդգրկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին պատվիրակած  «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող հաստատություններում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ» ծրագրում, որի շրջանակներում ամեն ամիս ընտանիքին տրամադրվել է բնաիրային օգնության փաթեթ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով։

2020 թ. հունիսի 1-ին տանտերն ընտանիքին տեղեկացրեց, որ հուլիսի 1-ին պետք է ազատեն տունը։

Հիմնադրամը, տեղեկանալով տանտիրոջ որոշման մասին, ընտանիքին առաջարկեց համատեղ ուժերով փնտրել այլ կացարան։ Առաջարկվեց տեղափոխվել Ստեփանավան, որտեղ մի ֆերմեր պատրաստ էր իր ֆերմայում ապաստան և աշխատանք տրամադրել ընտանիքին՝ յուրաքանչյուրին մոտ 150.000 դրամ աշխատավարձով։ Հիմնադրամը նաև առաջարկեց փակել բեռնափոխադրման ծախսը։ Ընտանիքը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ Ստեփանավանը Երևանից շատ հեռու է, ինչպես նաև՝ որ չեն ցանկանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։

Երևանում բնակարան գտնել չհաջողվեց։ Մասնավորապես անհաջող էին փորձերը այն վարչական շրջանում, որտեղ Մամոյանների ընտանիքն արդեն ապրել է, քանի որ ունեն բնակարանների հետ վատ վարվելու համբավ։ Ինչպես այս տանտերը մեզ տեղեկացրեց՝ ջրի խողովակի փչանալու և այն անփութորեն անսարք թողնելու հետևանքով ընտանիքն այս տանը գարնան ամիսներին կուտակել է 100.000 դրամ ջրի պարտք, որը չի ներառում հունիսի վերջնահաշվարկը։

Քանի որ ընտանիքը հրաժարվեց մարզային բոլոր առաջարկներից, իսկ Երևանում չգտնվեց վարձով բնակարան, Թաղապետարանն առաջարկեց ընտանիքի իրերի համար տրամադրել պահեստ, որպեսզի ընտանիքը կարողանա տեղափոխվել հարազատների մոտ և փնտրել բնակարան։ Ընտանիքը հրաժարվեց պահեստից նույնպես, քանի որ վստահ է, որ ուրիշի սեփականությունից դուրս չգալով՝ կարող է հասնել Երևանում բնակարան ունենալու նպատակին։

Կարևոր ենք համարում նշել, որ Հիմանդրամն ընտանիքին չի կարող հանել ուրիշի սեփականությունից։ Պահանջը ներկայացրել է տանտերը, որն անհատույց ապրելու մեկ տարի ժամկետը երկարաձգել էր ևս մեկ տարով՝ ընտանիքին տալով այլ վայրում հաստատվելու բավարար ժամանակ, որի հարցում «Իմ քայլը» հիմնադրամը ձեռնարկել է բազմաթիվ քայլեր, որոնք հանդիպել են ընտանիքի մերժմանը։

«Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական և առողջապահական ծրագրերի աշխատակիցները, հաշվի առնելով անչափահաս երեխաների ներկայությունը, ընտանիքի կարիքներն ու խնդիրները մշտապես պահել են ուշադրության կենտրոնում, փորձել գտնել իրավիճակից դուրս գալու խելամիտ տարբերակներ, ծնողների հետ տարվել են բանակցություններ, որոնք սակայն կառուցողական արձագանք չեն ստացել վերջիններիս մոտ:

Հիմնադրամը սոցիալապես խոցելի ընտանիքների համար կարևորում է աշխատանք գտնելու համար հմտություններ ստանալու միջոցով ինքնուրույն եկամուտ վաստակելու անհրաժեշտությունը: Ձևավորվել է շահառուների համայնք, որոնք ձեռք են բերել մասնագիտական հմտություններ, հաստատակամ են աղքատությունը հաղթահարելու իրենց որոշման մեջ և սեղմում են աջակցության այն ձեռքը, որը մեկնվում է իրենց և´ Հիմնադրամի, և´ բազմաթիվ բարերարների կողմից:

Այս ընտանիքի ճակատագիրը նույնպես Հիմնադրամի համար միևնույն չէ, այս պահին էլ մեր աշխատակիցներն անում են ամեն ինչ, որ բազմազավակ ընտանիքն ունենա թեկուզ ժամանակավոր տանիք»։

 

Նույն շարքից