Հասարակություն 

Կորոնավիրուսից մահացած 82-ամյա տատիկի դին դեռ չեն գտել

analitik.am

Հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել էր այն մասին, որ չեն կարողանում գտնել գյումրեցի Մարիամ Մալխասյանի 82-ամյա տատիկի դին, ով հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել էր կորոնավիրուսից։

«Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, և հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է՝ Մարիամի եղբայրն անատոմիկում փորձում է գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ և դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին: Ու չի գտնում։
Բնականաբար, հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են Առողջապահության նախարարություն, դիմել են Առողջապահության նախարարություն, որտեղից նրանց հետ են ուղարկել պարետատուն:
Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել:

Հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ ամենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:
Հիմա ասածս ինչ է` լավ, դուք իսկապես չե՞ք հասկանում՝ էս ինչ եք անում, ու, որ որևէ մեկդ չեք խուսափելու պատասխանատվությունից:
Ցավակցում եմ Մարիամի ընտանիքին ու, անկեղծ ասած, չգիտեմ ինչ ասել…..»։

Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի՝ Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց․ «Ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` Առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:

Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն»:

ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք որևէ նորություն կա, նա պատասխանեց․

«Այս պահի դրությամբ որևէ նորություն չկա, հանգամանքները պարզվում են»։

 

Նույն շարքից