Իրավական Տեսանյութեր 

Ինքնաձիգ, ատրճանակներ, նռնակներ․ քաղաքացիները ոստիկանության բաժիններում հրազեններ են հանձնել

analitik.am

 

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին Տավուշի մարզի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային արտադրության ինքնաձիգ ու 9 մմ տրամաչափի տասնմեկ փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

«Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Այնթապ գյուղի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր որսորդական հրացանն ու տարբեր տրամաչափի 70 փամփուշտ, որոնք գտել է տան տանիքում։

Արարատի մարզի Նարեկ գյուղում բնակվող 35-ամյա մի տղամարդ ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված «Կարաբին» տեսակի հրազեն և 150-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ մի մասը ժապավենի վրա ամրացված։

Դալար գյուղի բնակիչներից մեկը ևս Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տեսակի հրազեն՝ հայտնելով, որ այն ձեռք է բերել տարիներ առաջ։

Բյուրեղավանի բնակչուհիներից մեկը ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանած նռնակն ու տարբեր տրամաչափի 240-ից ավելի փամփուշտ։

Արմավիրի մարզի բնակիչներից մեկը զանգել է ոստիկանության Արմավիրի բաժին ու հայտնել, որ քաղաքի չգործող կաթի գործարանի մոտ հրազեն է թողել։

Քաղաքացու հայտնած վայրում Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են գործարանային համարը ջնջված հրացան, ականանետի ական ու 40-ից ավելի փամփուշտ։

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնում։

Լուսագյուղի բնակիչներից մեկը բաժին է բերել տանիքում գտած «ՏՕԶ» տիպի հրացանը, ինքնաձիգի փամփշտատուփ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Ջրարբի գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է խորդանոցում գտած ինքնաշեն ատրճանակ, որն, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ հորը։

Մյասնիկյան գյուղում բնակվող 52-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով իտալական արտադրության ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ ու տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ ընկերոջը։

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված հրացան ու փամփուշտներ։

Ոստիկանության Մաշտոցի բաժնում տարբեր տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչներ ու փամփուշտներ է կամավոր հանձնել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներից մեկը։

«ՏՕԶ» տիպի հրացանը, «Ֆ 1» նռնակն ու ինքնաձիգի 83 փամփուշտը ոստիկանության Էրեբունու բաժնում կամավոր հանձնել է Երևանի մի բնակիչ՝ Էրեբունու բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

Նույն շարքից