Հասարակություն 

Գտե՛ք և հեռացրե՛ք ձեր միջից, մեծահարգ պետական Այրեր, բրուտոսներին. Ասողիկ աբեղա Կարապետյան

analitik.am

ԾԱՆՐ ԽՈՀԵՐ

«Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պե՛տք է լինի Հայ Դպրոցում:

Հայ Դպրոցի հիմնադիրը Հայոց Եկեղեցին է՝ ի դեմս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:

Հայոց տերությունը տակավին Դ. դարից Հայ Դպրոցը հանձնել է իր Ազգային Եկեղեցուն, քանզի որպես հարազատ ու իրական տերն իր մայր երկրի՝ կամեցել է, որ իր Ազգը լինի լուսավոր ու զորեղ մտքով ու հոգով և այդպես մնա անմահ նաև մարմնով:

Սբ Տրդատ Մեծն ու երանելի Վռամշապուհ արքաներն ու նրանց հարազատ պայազատներն են հաստատել կարգն այս սուրբ, հայրենաշեն ու ազգակերտ: Եվ Հայոց պատմության ողջ ընթացքում միայն վարձկաններն ու օտարներն են խախտել արքայադիր կարգն այդ՝ Հայոց Եկեղեցուց ոչ միայն խլելով իր իսկ հոյակերտած Դպրոցը, այլև ջնջելով Եկեղեցու անունը հայ դպրության տարեգրությունից... Խավար հոգիների խավար գործեր, խավարչտին ժամանակներ...

Այսօր, երբ Հայաստանն ազատ, անկախ, ինքնիշխան պետություն է և հենց այս իրողությամբ պետք է պահպանվեն ու վերականգնվեն արքայադիր ազգապահ սուրբ կարգերը՝ գտնվում են անձեր, պետական պաշտոնյաներ, ովքեր հավակնում են պատմությունը խմբագրել և նորեն հեռանալ Հայոց նախնյաց գծած մայրուղուց…

Լավ հիշենք, հայե՛ր, կյանքում ամեն բան անցողիկ է, մահկանացու ենք բոլորս, մի օր կանգնելու ենք Արարիչ Աստծո առաջ և պատասխան ենք տալու մեր գործերի համար:

Պետք չէ՛ պայքարել Աստծո դեմ. այո՛, ձեռք տալ այդ առարկային՝ պայքար է Աստծո դեմ, քանի որ այդ առարկան Աստծո սուրբ բաժինն է. «Տվե՛ք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. ԻԲ. 21): Խաչագողեր չլինե՛նք, ո՜վ եղբայրներ և քույրեր:

Ես հավատում եմ մեր Հայրենի պետության բարեխնամ Կառավարությանը, կսիրեմ հուսալ, որ պետական այրերը կգտնվեն շրջահայաց և իմաստությունը կունենան հավատարիմ մնալու իրենց ծիրանածնունդ նախնիներին և Հայ Դպրոցում սրբությամբ կպահպանեն իրենց Ազգային Եկեղեցուն:

Գտե՛ք և հեռացրե՛ք ձեր միջից, մեծահարգ պետական Այրեր, բրուտոսներին, որոնք ամեն կերպ, իրենց խելագարություններով, վնաս են հասցնում մեր Պետականությանը, չարություն ու վատություն են նյութում ընդդեմ համազգային կառույցի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Մնում եմ աղոթող, որ հանկարծ Դուք էլ Մեծն Կեսարի պես ի ցավ սրտի չբացականչեք՝ «Եվ դո՜ւ, Բրուտո՛ս»…
1700-ամյակի առիթով Ազգին վերադարձված «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան՝ յուրաքանչյուրիս համար հայ քրիստոնյա լինելու նժարն է և հավիտենական կյանքի կշեռքը:

Թող նորեն մեր հոգու ունկերին բարձր հնչեն մեսրոպաթարգման այս խոսքերը՝
«Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը:… Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով, իսկ զգոնության սկիզբը բարի աստվածապաշտությունն է, բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստությունն ու խրատը» (Առակաց Ա. 2, 7):

Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Արխիվի և Թանգարանների տնօրեն

Նույն շարքից