Քաղաքականություն 

Պարո՛ն Վարչապետ, Դուք հայտնվել եք անտեղյակի նույն կարգավիճակում, ինչի մեջ հեղափոխության օրերին մեղադրում էիք Սերժ Սարգսյանին. Ռոստոմյան

Ձեզ «մեյլերով» անկանխատեսելի, հախուռն որոշումների մղողները հետո հատորներով ցուցմունքեր են տալու Ձեր դեմ.

Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն ինչից, երբեմն նույնիսկ թեմաներից, որոնց մեկնաբանությունը վերապահված է միայն մասնագետներին։ Օրինակ՝ դիմակ կրելու ձևը, դրա առողջապահական հետևանքները կարող են բացատրել միայն մասնագետները, սակայն գրեթե ամեն օր եթերում հայտնվում է Վարչապետը ու հակասական հայտարարություններ է անում կորոնավիրուսի ու դրա հարակից թեմաների վերաբերյալ։
Սակայն լավ կլիներ, որպեսզի Վարչապետը զբաղվեր իր անմիջական պարտականությունների կատարմամբ ու պարզեր, օրինակ, թե ինչպես են կատարվում իր հանձնարարականները։ Համենայն դեպս, կառավարման որակը բացահայտվում է ոչ միայն կայացված որոշումների համարժեքությամբ, այլ դրանց կատարման մակարդակով։

Ինչքան էլ ցավալի է արձանագրել, Վարչապետի որոշումները հասնում են նախարարի, առավելագույնը՝ փոխնախարարի մակարդակին, այն էլ՝ կիսատ-պռատ կատարումներով, իսկ պետական համակարգը, մեղմ ասած, Փաշինյանի խոսքը «տալիս է գետնով» ու պատահական չէ, որ կոռուպցիոն երևույթները շարունակում են պահպանվել՝ թեկուզև քողարկված, չի փոխվել տնտեսական հարաբերությունների բնույթն ու կառուցվածքը։

Պարո՛ն վարչապետ, կամ Դուք չեք տիրապետում իրավիճակին, կամ էլ հե՛նց նման անորակ կառավարումն է Ձեր իշխանության այցեքարտը։

Ի դեպ, Փաշինյանին զեկուցողները, նրա ենթակաները, նախարարները, պատգամավորները համատարած նրան խաբում, ապակողմնորոշում են՝ իրենց շահերից ելնելով, ներկայացնելով ոչ թե իրական, այլ մտացածին տեղեկատվություն, որը որևէ կապ չունի իրականության հետ։ Այլապես Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի փաստարկված ելույթից հետո, Փաշինյանը ոչ թե քաղաքական ռեպրեսիաներ կիրականացներ, այլ սթափ հետևություններ կաներ։

Պարո՛ն Վարչապետ, Դուք հայտնվել եք անտեղյակի նույն կարգավիճակում, ինչի մեջ հեղափոխության օրերին մեղադրում էիք Սերժ Սարգսյանին։ Դրա վերջը բոլորս գիտենք՝ որն է։

Դու՛րս եկեք վերջապես ֆեյսբուքային կառավարման կործանարար բարդույթից ու իրապես կառավարեք երկիրը, այլապես կշարունակեք հախուռն, չմտածված, կործանարար որոշումներ կայացնել՝ էլեկտրոնային մի նամակի հետքերով։ Այդպես, հենց այդպես եք վարվել 2018-ի հոկտեմբերի 2-ին, երբ առավոտ կանուխ հայտնի անձնավորությունից հորինված նամակ եք ստացել, թե իբրև խորհրդարանում Ձեր դեմ դավադրություն է կազմակերպվում։ Հետևանքը բոլորիս է հայտնի՝ այդ օրը կատարվեց սահմանադրական կարգի դեմ առաջին խոշոր գործողությունը, երբ Նիկոլ Փաշինյանը, իր մի քանի հազար կողմնակիցներով, փաստացի զավթեց խորհրդարանի շենքը։

Ի դեպ, 2018-ի հոկտեմբերի 2-ը խորհրդանշական օր էր, որովհետև «հայտնի անձնավորությունն» այդ օրը Ձեզ առաջին անգամ կտրեց հայաստանյան դաշնակից ուժերից՝ երկրի վարչապետին դրդելով ոչ միայն սահմանադրական կարգի տապալմանը, այլ նաև կոալիցիայի վերացմանը, քաղաքական մենության։ Իսկ հիմա «հայտնի անձնավորությունն» ամեն օր Ձեզ մղում է նոր, ավելի խորքային արկածախնդրության, որն անդառնալի հետևանքներ է ունենալու առաջին հերթին Ձեր համար ու լավ գիտեք, թերևս, նա ում համար է ճանապարհ բացում՝ գործող իշխանության կործանման ճանապարհով։

Վերջում չմոռանամ ասել, որ Ձեզ «մեյլերով» անկանխատեսելի, հախուռն, հակաօրինական ու հակասահմանադրական որոշումների մղողները հետո հատորներով ցուցմունքեր են տալու Ձեր դեմ, լավագույն դեպքում առնետների պես լքելու են խորտակվող նավը՝ դրա ձախողակ նավապետին թողնելով բախտի քմահաճույքին, կռացած ծանր մեղադրանքների տակ։

Հրաչյան Ռոստոմյան

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  •  
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից