Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Իրենք սուրբ են, մենք իրենց անհիմն մեղադրում ենք, այդ դեպքում ո՞վ տատիկիս անունը սխալ գրեց. արձագանք՝ ԲԿ-ի պարզաբանմանը

analitik.am

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը այսօր պարզաբանել էր, թե Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին և այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել։

ԲԿ-ի այս պարզաբանումը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Սոնիկ Կարապետյանի թոռնուհին՝ Մարիամ Մալխասյանը և շեշտեց, որ սխալ անուն-ազգանուն գրելն արդեն անփութություն է․ «Բնական է, որ մեզ վրա պետք է ցեխ շպրտեն, թե անփութություն չի եղել, դա քննիչներն են պարզել, որ սանիտարը ձեռագիրը չի հասկացել ու սխալ անուն-ազգանուն գրել: Լավ, իրենք սուրբ են, մենք էլ իրենց անհիմն մեղադրում ենք, այդ դեպքում ո՞վ տատիկիս անունը սխալ գրեց, լոգիկային մոտ բան չեն ասում»:

Մարիամ Մալխասյանը նշեց, որ չի պահանջում աշխատակցի աշխատանքից ազատումը, բայց այն, ինչ տեղի է ունեցել, իրենց համար արդեն մեծ դժվարություն է:

Մարիամ Մալխասյանը նաև նշել էր, որ տատիկի գրպանից գումար է անհետացել և մայրապետը տատիկի հեռախոսի գումարը փոխանցել է իր հաշվին:  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն պարզաբանել էր, որ օրենսդրությամբ սահմանված կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։

Թոռնուհին կրկին շեշտեց, որ իրենք նպատակ չունեն որևէ աշխատակցի աշխատանքից ազատված տեսնել, բայց այդ փաստը չի կարող հերքվել, քանի տատիկի հեռախոսի մեջ պահպանվել է այն նամակը, որտեղ երևում է՝ գումար է փոխանցվել աշխատակցի հեռախոսահամարին, որն էլ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տատիկը եղել է ռեանիմացիայում:

«Տատիկի գրպանում մոտ 40 հազար դրամ է եղել, թոշակը նոր էր ստացել, պահպանվում են այն հեռախոսազանգերի ձայնագրությունները, որտեղ տատիկը հաստատում է, որ գումարն իր մոտ է, քանի որ Գյումրիում չլինելու պատճառով չի կարողացել գումարը մեզ փոխանցել: Ինչ վերաբերվում է հեռախոսից գումար փոխանցելուն, մենք այդ հարցը չենք ծանրացնում, քանի որ գրոշներ են եղել, սակայն այստեղ խնդիրն այն է, որ հիվանդի հետ իրի պես են վարվել»,- շեշտեց նա:

Նույն շարքից