Քաղաքականություն 

Ուրախ կլինենք, որ առանց մեր օգնության երեք ուժերը կարողանան կայանալ․ Վահրամ Բաղդասարյան

analitik.am

 

Նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Նիստին քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։

Վերհանվել են վերջին սահմանադրական փոփոխությունների եւ իշխանության բռնատիրման նոր փուլի արդյունքում երկրի ներքին եւ արտաքին սպառնալիքները։ Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության գալիք ծրագրերին՝ ներառյալ միջազգային համագործակցության ասպարեզում։

Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում Հանրապետականի գործունեության հիմնական ուղղությունները եւ գերակայությունները, շոշափվել է այլ հասարակական եւ քաղաքական ուժերի հետ ընդհանրական քաղաքական օրակարգի դեպքում հնարավոր փոխգործակցության հարցը»,- ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Նիստի եւ ՀՀԿ-ի առաջիկա պլանների մանրամասների շուրջ զրուցել ենք ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանի հետ։

- Պարոն Բաղդասարյան, երբ ձեր հաղորդագրության մեջ ասում եք, որ քննարկել եք արտակարգ դրությունից հետո կուսակցության անելիքները, ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ եք պատրաստվում անել։

- Բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը, որպես այդպիսին, կա, պիտի քայլեր ձեռնարկի իր քաղաքական դիրքերն ամրապնդելու, ապագա ընտրություններին նախապատրաստվելու եւ քաղաքական զարգացումներից անմասն չմնալու ուղղությամբ։ Իսկ ՀՀԿ-ն այն կուսակցությունը չէ, որ գործընթացներից անմասն մնա, մենք շատ ուշադիր եւ հետեւողական ենք բոլոր զարգացումների նկատմամբ, եւ այսօր որեւէ մեկը չի կարող ժխտել, որ քաղաքական դաշտում ամենակայացած ընդդիմադիր ուժը դա ՀՀԿ-ն է։

- Ձեր գործընկեր կուսակցությունները, սակայն, չեն համագործակցում ձեզ հետ՝ ըստ ամենայնի հասկանալով, որ ժողովրդի կողմից մերժված եք, ու եթե ձեզ հետ համագործակցեն, ժողովուրդն իրենց չի ընդունի․ խոսքն ընդդիմադիր դաշտում այսօր նոր միավորման մասին է՝ երեք ուժերի՝ «Հայրենիք», ԲՀԿ եւ ՀՅԴ։

- Հանգիստ հետեւեք զարգացումներին, մենք շատ ուրախ կլինենք, որ առանց մեր օգնության իրենք կարողանան ինչ-որ գործողություն անել, կայանալ, եւ ընդդիմադիր դաշտում բաց տեղեր կան, պետք է որ լրացնեն այդ բացերը։

- Դուք  մտածում եք, որ ձեզնից օգնությո՞ւն են խնդրելու։

- Ես նման բան չեմ ասում, մենք պատրաստ ենք եղել ե՛ւ մեր իշխանության, ե՛ւ ընդդիմության ժամանակ՝ ցանկացած քաղաքական ուժի հետ մենք չենք բացառում կոնսուլտացիաները։

- Բայց մյուսներն են ձեզ հետ բացառում, վերեւում ասացի, թե ինչու։

- Դե, խնդրեմ, ուրեմն թող առանց մեզ կարողանան արդյունքների հասնել, ես հիմա ավելին չեմ խոսի, մենք կհետեւենք զարգացումներին։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից