Հասարակություն 

Իրանը փոխհատուցում կվճարի կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ընտանիքներին

analitik.am

 

Այն երկրները, որոնց քաղաքացիները 2020թ․ հունվարին զոհվել են Թեհրանի մերձակայքում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառով, համատեղ բանակցություններ կվարեն Իրանի  հետ՝ զոհվածների հարազատներին փոխհատուցում վճարելու հարցով։

Այս մասին հուլիսի 2-ին հայտնել է Շվեդիայի ԱԳ նախարար Էնն Լինդեն՝ Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Աֆղանստանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ Էնն Լինդեն նշել է, որ որևէ կասկած չունի այն հարցում, որ Իրանը կվճարի պահանջվող փոխհատուցումը։ Ինչպես հայտնի է՝ ավելի վաղ Իրանն առաջարկել էր 80․000-ական դոլար վճարել զոհվածների ընտանիքներին, բայց Ուկրաինան նման փոխհատուցումը բավարար չէր համարել։

Վերոնշյալ երկրների նախարարները փոխհատուցման վերաբերյալ բանակցություններում համագործակցության և փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ Առաջիկայում ակնկալվում է այդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ առաջին համատեղ հանդիպումը Իրանի հետ։

Հիշեցնենք, որ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներին» պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր հունվարի 8-ի առավոտյան՝ Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց։ Օդանավում գտնվող բոլոր 167 ուղևորները և անձնակազմի 9 անդամները զոհվել էին։ Նրանք 6 երկրների քաղաքացիներ էին։  Կարճ ժամանակ անց Իրանի իշխանությունները խոստովանեցին, որ ինքնաթիռն անզգուշաբար խոցվել է իրանական կողմի սխալի պատճառով, քանի որ այն որպես թշնամական օբյեկտ էր ընկալվել։

regionmonitor

 

Նույն շարքից