Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես դժբախտության ժամանակաշրջան. Արթուր Վանեցյան

 

Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին

Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես անորոշության, տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան:

Տիրապետող անիշխանության պայմաններում գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են արձանագրվել խայտառակ ձախողումներ: Բայց կա շատ ավելի կարևոր հարց, քան գործող իշխանության ձախողումներն ու տապալումներն են:

Քարուքանդ եղած տնտեսությունը հնարավոր է վերականգնել, ավերվող կրթական և սոցիալական համակարգերը հնարավոր է անցնցում վերստեղծել:

Կարելի է նույնիսկ վերակառուցել դաշնակից և բարեկամ պետությունների հետ փոխհարաբերությունները, որոնք ստվերվել ու փչացվել են իշխանության հետևողական ապաշնորհության հետևանքով:

Այսինքն, Փաշինյանի կողմից ավերված ցանկացած ոլորտ հնարավոր է վերականգնել, միայն թե կամքի, կառավարման կարողության և ճիշտ մարդկանց առկայությամբ:

Բայց այն, ինչի մասին, որ ուզում եմ խոսել, ոչ միայն չափազանց բարդ է վերականգնել, այլ նաև դրա քայքայումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Խոսքը հանրային համերաշխության մասին է:

Եթե այն ամուր լիներ, ապա մնացյալ խնդիրները (տնտեսական, սոցիալական, պաշտպանական և այլն) կանխատեսելի ու լուծելի կլինեին, բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով հանրային համերաշխությունը դատապարտվել է աստիճանական քայքայման և կազմաքանդման:

Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի իշխանությունների հետևողական ջանքերով ներհանրային միջավայրում ներքին խորը կոնֆլիկտ է սանձազերծվում:

Դա անտեսանելի մարտահրավեր է, ինչի հետևանքով հասարակական կառույցը սահուն ընթացքով մաշվում է և հյուծվում:

Իմ կանխատեսմամբ այս գործընթացի վերջնական հանգրվանը հանրային խմբերի թշնամացումն է և մարդկանց շերտավորումը:

Այսինքն, ձևավորվում են իրար դեմ մարտնչող և հակամարտող տարատեսակ միջավայրեր, որոնք ինչ-որ մի օր բախվելու են նաև ֆիզիկական հարթությունում:

Այսինքն «բոլորը կռվում են բոլորի դեմ», և հենց այս չընդհատվող «պատերազմն» է փաշինյանական իշխանության «լեգիտիմության» աղբյուրը։

Սա անտեսանելի մարտահրավեր է և շատ ավելի վտանգավոր, քան Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված հարևանները:

Մենք գիտենք, որ Ադրբեջանը թշնամի պետություն է և հենց այդ իմացությունից ձևավորվում է մարտահրավերի կանխատեսելիությունն ու մեր գործողությունների հերթականությունը:

Բայց մենք հստակ չգիտենք, թե մեր հասարակության մեջ գտնվող ներքին կոնֆլիկտն ինչ չափերի է հասել և ինչ դրսևորումներ կարող է ունենալ:

Պատմական փորձը հուշում է, որ ներքին կոնֆլիկտները պայթում են հատկապես ամենաանսպասելի պահերին, երբ ոչ ոք չի սպասում դրանց: Հանրային համերաշխությունը վերամբարձ և գեղեցիկ ինչ-որ բան չէ, այն մեր պետության դիմադրողականության և կենսունակության առաջնային ցուցիչն է:

Եթե չլինի համերաշխություն, Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է: Թերևս հենց սա է մեր առաջնային ուղերձը, որը ես ուզում եմ փոխանցել բոլորին` քաղաքացիներին, ընկերներին, հակառակորդներին և իմ համառ քննադատներին:

Մենք ուզում ենք կանգնեցնել այս մեծ փոթորիկը և համերաշխություն բերել մեր պետությանը: Փոթորիկին պետք է հաջորդի խաղաղությունը, քաոսին` կարգը, իսկ խելահեղությանը` բանականությունը:

Արթուր Վանեցյան «Հայրենիք» կուսակցության նախագահ

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից