Հասարակություն 

Ռեստորանում մի սեղանի շուրջ նստելը ավելի վտանգավոր է, քան եթերում առանց դիմակների խոսելը․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  լրատվամիջոցներ  ոստիկանների այցելություններին և առանց դիմակների եթեր դուրս գալու համար տուգանքներին։

Նա գրել է․

1. Լրատվամիջոցների աշխատանքի առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն սահմանափակումներ կիռարելու առումով։ Դրա համար անհրաժեշտ է, որ որոշումների ընդունման մակարդակում այդ խնդրով զբաղվի մասնագիտացված մարմին, այլ ոչ թե ոստիկանությունը։ Մասնավորապես, հեռարձակողների համար դա պիտի լինի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, այսինքն այն կառույցը, որը կոչված է ապահովել օրենքների կատարումը իր կողմից կարգավորվող ոլորտում։ Եւ հենց ՀՌՀ-ն պետք մշակի, մեկնաբանի եւ կիրառի այն կանոնները, որոնք նեռարվում են Արտակարգ դրությանը վերաբերող Պարետատան որոշումներում։ Ոստիկանությունը պետք բացառապես օպերաիվ կատարումը ապահովի համավարակի պայմաններում հեռուստառադիոընկերություններին վերաբերող ՀՌՀ-ի որոշումների։

2․ Դիմակներով եթեր դուրս գալը ունի իր դրական եւ բացասական կողմերը, ու այդ հարցը պետք է լուծվի բացառապես առողջության անվտանգության տեսակետից։ (Մնացած հանգամանանքերը, որոնց մասին կգրեմ 3րդ կետում, պիտի թողնվեն կոնկրետ լրատվամիջոցի հայեցողությանը։) Եթե տաղավարը, ներառյալ օդը, պարբերաբար ախտահանվում է եւ առանց հեռավորության պահպանման շփումների ժամանակ մարդիկ դիմակներով են, բուն տեսագրման կամ ուղիղ եթերի ժամանակ հեռավորության պահպանմամբ դիմակները պարտադիր չպետք է լինեն: Եթե իմ նշված պայմանները չեն կատարվում, ուրեմն ոչ դիմակներով, ոչ առանց դիմակների տաղավարների աշխատանքը ընդհանրապես չպիտի թույլատրվի։

3․ Դիմակներով տաղավարային նկարահանումները իմաստ ունեն լսարանի համար զուտ որպես քարոզչական, լուսավորչական միջոց։ Ռեստորաններում մի սեղանի շուրջ նստելը վարակի տարածման առումով շատ ավելի վտանգավոր է, քան հեռավորության պահպանմամբ եթերում առանց դիմակների խոսելը։ Բայց երբ հաղորդավարները, հյուրերը ժամանակ առ ժամանակ տրորում, տեղն են "նստեցնում" դիմակները, դա հակառակ էֆեկտն է ունենում, իսկ խոսելիս դրանից համարյա հնարավոր չէ խուսափել։ Փաստորեն մարդիկ եթերում անընդհատ որպես օրինակելի վարվելակերպ իրականում տեսնում են, ինչպես չի կարելի կրել դիմակը ու ամբողջ դաստիարակչական նպատակը վարկաբեկվում է։ Էլ չեմ ասում, որ կիսափակ դեմքով խոսքի ընկալումը լիարժեք չի կարող լինել։

4․ Ավելի լավ չէ՞ր լինի, որ մինչեւ տեսագրությունը կամ ուղիղ եթերը հաղոդրավարն ու հյուր/եր/ը լինեին դիմակներով, իսկ նկարահանման սկզբում, ցույց տալով, որ հետեւում են հանրային վայրերում դիմակ կրելու կանոններին, եւ հնչեցնելով համապատասխան հորդորները լսարանին, հանեն դիմակները եւ շարունակեն առանց դրանց։

5․ Անհրաժեշտ է, որ տարբեր սահմանափակումների կիրառման մեջ մարդիկ տեսնեն ողջամիտ մոտեցում, եւ երբ այն բացակայում է, անորոշ է դառնում, ինչը եւ ինչի համար է կարեւոր, ցանկացած խստություն անարդյունք է մնալու համավարակի պայմաններում։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից