Հասարակություն 

Լոռու մարզպետն աշխատանքային խմբով Դսեղում էր. օրակարգային հարցը հողատարածքների մշակմանը խոչընդոտող խնդիրների լուծումն է

 

Դսեղ համայնքում գյուղատնտեսության զարգացման հետ կապված լուրջ խնդիրներ կան. համայնքում առկա է 667 հա վարելահող, սակայն, ըստ նշանակության օգտագործվում է ընդամենը շուրջ 10 հա-ն:

Սա, մարզպետի խոսքով, Հայաստանի նման սակավ վարելահողեր ունեցող երկրի համար, բացարձակապես անընդունելի իրողություն է:

Խնդիրները տեղում ուսումնասիրելու նպատակով Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Դսեղ համայնքնում էր:

Նա նախ հանդիպեց համայնքի ղեկավարի, ավագանու և հողագործությամբ զբաղվող մի քանի բնակիչների հետ՝ պարզելու ՝ ո՞րն է նման իրավիճակի պատճառը.

-Մեր համայնքներից շատերը կերազեն այսքան վարելահողեր ունենալ, իսկ Դսեղը չի օգտվում այս հարստությունից: Սա ես բացարձակ անընդունելի եմ համարում,-ասաց մարզի ղեկավարը:

Ինչպես պարզ դարձավ քննարկման արդյունքում, գյուղում զարգացած է անասնապահությունը և ձիաբուծությունը:

Բնակիչները դժգոհեցին, որ խոշոր եղջերավոր կենդանիները և ձիերը անարգել մտնում և վնասում են ցանքատարածությունները, բացի այդ համայնքում պատշաճ ոռոգում չի իրականացվում, թեև նախորդ տարիներին համայնքում ոռոգման համակարգերի կառուցման մի քանի ծրագրեր են իրականացվել:

Ա. Ղուկասյանը հորդորեց պահպանել համակեցության կանոնները, չխոչընդոտել հողագործությամբ զբաղվել ցանկացող գյուղատնտեսների աշխատանքին, այլապես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:

Համայնքի ղեկավարին մարզպետն առաջարկեց, հաջորդ տարվանից ներկայացնել բացառապես գյուղատնտեսության զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրեր՝ հակակարկտային կայանների տեղադրում, գյուղտեխնիկայի ձեռքբերում և այլն(համայնքն այս տարի սուբվենցիոն միջոցներով կիրականացնի արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագիր):

Ինչ վերաբերում է ոռոգման համակարգերին, ապա դրանց ներկայիս վիճակին մարզի ղեկավարը ծանոթացավ շրջայցի միջոցով՝ փաստելով, որ համայնքը փոքր խնդիրների կարգավորումից հետո լիարժեքորեն պատրաստ կլինի ոռոգելու հարյուրավոր հեկտար հողատարածքներ:

Այցի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները հանգամանորեն վերլուծության կենթարկեն Լոռու մարզպետարանում, իսկ մինչ այդ Անդրեյ Ղուկասյանը համայնքի ղեկավարին հորդորեց' անել ամեն ինչ, որպեսզի մշակվող հողատարածքները տարեցտարի ավելանան և հողագործությամբ զբաղվելը կրի մասսայական բնույթ:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից