Հասարակություն Քաղաքականություն 

ՀՀ Սահմանադրության օր՝ տոն, որը կեղծիքով է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում անդրադարձել է մայր օրենքի կարևորությանը և մեր երկրում այդ ինստիտուտի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքին։ Թևանյանի՝ «ՀՀ Սահմանադրության օր՝ տոն, որը կեղծիքով է ստեղծվել» վերնագրով գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«1995–ի հուլիսի 5–ին ընդունվեց ՀՀ սահմանադրությունը։ Նույն օրը տեղի էին ունենում անկախ Հայաստանի խորհրդարանական 1–ին ընտրությունները։

Միայն այն հանգամանքը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական որոշմամբ 2 ժամով ավելացրեց օրենքով սահմանված քվեարկության ժամանակահատվածը, բավական է պնդելու համար, որ սահմանադրական հանրաքվեի ու ԱԺ ընտրությունների արդյունքներն անօրինական էին։ Նաև՝ լեգիտիմ չէին։

Ի դեպ, ԿԸՀ–ի աշխատանքներն այն օրերին փաստացի ղեկավարում էր այդ կառույցի նախագահի տեղակալը՝ ներկայում մարդու իրավունքների պաշտպանությամբ և պետական ինստիտուտների օրինական գործունեությամբ մտահոգ Գագիկ Ջհանգիրյանը։

Կա տեսակետ, որ ընտրակեղծիքների մշակույթը ձևավորվեց հենց 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Կա նաև տեսակետ, որ ավտորիտար համակարգն ու կլանաօլիգարխիկ հարաբերությունները ձևավորվեցին 1995–ի Սահմանադրությամբ, որի թելադրած խաղի կանոններով երկրի նախագահը միակ քաղաքական սուբյեկտն էր, իսկ իշխանության մյուս ճյուղերը՝ նրանից կախված խամաճիկներն էին։ Սրանք հիմնավոր տեսակետներ են։ Նախագահին, փոքրիկ ժամկետային սահմանափակումներից դուրս, տրված էր հնարավորություն առավոտյան սուրճ խմելիս արձակել խորհրդարանը և նշանակել նոր ընտրություններ։ Նախագահից ուղղակիորեն կախված էր գործադիր մարմինը և որ ամենասարսափելին էր՝ դատաիրավական համակարգը։

Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկածները ԽՍՀՄ–ից մնացած պետական սեփականության լայնամասշտաբ յուրացման էին պատրաստվում ու բնական է, որ ամեն գնով պահելու էին իշխանությունը։ Սեփականության տեր էին պատրաստվում դառնալ քաղաքական անթրաշները և «ասֆալտի ֆիդային» անթրաշները։ 1995–ին իշխանությունը վերարտադրեցին ընտրակեղծիքներով, 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ՝ ընտրակեղծիքներով ու տանկերով։

1995–ի Սահմանադրությունը փակել էր ժողովրդավարական բնույթի քաղաքական զարգացումների ճանապարհը։

«Իշխանության մուտքը ներսի կողմից է». սա՛ էր գրված 1995–ի Սահմանադրության տողատակերում։ Այսինքն՝ բացառվում էր իշխանական համակարգից դուրս գտնվող որևէ մեկի հաջողությունն ընտրական գործընթացի ժամանակ։

1995–ի Սահմանադրությունը քաղաքական փոփոխություններ նախատեսել էր միայն պալատական հեղաշրջումների կամ այլ տիպի ցնցումների տարբերակով։ Մասնավորապես՝ 1999–ի հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը 90–ականների սկզբում ձևավորված խաղի կանոնների և 1995–ի Սահմանադրությամբ ՀՀ–ի տակ դրած ականների պայթյունների հետևանք էր։ Մեր երկրի թշնամիները պարզապես օգտվեցին այդ ականներից՝ գլխատելով օրենսդիր ու գործադիր մարմինները։

Այս ամենի հիմնադիր հայրերը սսկվելու փոխարեն դեռ վխտում են մեր քաղաքական դաշտում, իսկ իրենց արտադրական թափոնն էլ այսօր հայտնվել է իշխանության ղեկին ու բռնաբարում է օրենսդրական դաշտը մոլագարի պես։ Սա ցինիզմ է, փարիսեցիություն և անբարոյականություն միաժամանակ։

Քանի դեռ մեր հասարակությունը հանդուրժում է այսպիսի լկտիությունը, նորմալ պետություն չի ունենալու։

Մեր խնդիրը սահմանադրական նորմալ կարգ ձևավորելն է, այլ ոչ թե այն վերականգնելը, ինչպես ոմանք են պնդում։ Ինչը՞ վերականգնենք։

Հ.Գ.։ 2015–ի Սահմանադրությունը նույնպես ականապատեց ՀՀ–ն, ինչի արդյունքում ստացանք այսօրվա իրականությունը։

Մենք բազմիցս էինք զգուշացնում, որ 2015–ի Սահմանադրությունը հանգեցնելու է ֆորսմաժորային զարգացումների, սակայն ոմանց թվում էր, թե դա իրենց հետ չի պատահի։ Պատահեց։ Իրենք կրակն ընկան։ Իրենք դեռ մի կողմ, Հայաստանը կրակի մեջ հայտնվեց։ Քաղաքական փոփոխությունները, հետևաբար, ազգային անվտանգության խնդիր են դառնում»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից