Հասարակություն 

Երևանյան մոլերում ռումբերի մասին ահազանգերը կեղծ էին

analitik.am

Հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։

Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացնում են ռումբերի որոնման աշխատանքներ։

Տեղազննման արդյունքում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել։

Նշենք, որ ռումբ չի հայտնաբերվել նաև «Դալմա Գարդեն մոլում», որտեղ ևս ահազանգ էր ստացվել:

Նույն շարքից