Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ուզում են հունից հանեն, որ մեկի դիմածնոտային համակարգի ներդաշնակությունը խախտեմ. Պետրոսյանը՝ իր և Ավանի փոխթաղապետի «տղայական զրույցի» մասին

analitik.am

 

Այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ գաղտնալսել և հրապարակել են իր հետ ունեցած հեռախոսային մասնավոր խոսակցությունը:

Analitik.am-ի հետ զրույցում պարոն Պետրոսյանն ասաց, որ զանգ է ստացել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի կողմից. «Նա ասաց, թե հանձնարարություն ունի զգուշացնելու, որ այլևս Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի դեմ գրառումներ չանեմ ու ելույթներ չունենամ:

Դրանից հետո իրեն հրավիրեցի զրույցի, որովհետև ինձ տեսնելուց արագ անցնում է մոտովս: Հրավիրեցի, որպեսզի պարզեմ, թե ով է իրեն իրավունք տվել, որ ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթներ խախտելով, զանգի ԱԺ պատգամավորին և ցուցումներ տա:

Քանի որ նա Սահմանադրությունը մեկնաբանելու հետ այնքան կապ ունի, որքան ես՝ ձկնորսության, շատ արագ հասկացավ, որ սխալ առաքելություն ունի և խոսակցությունն այդպես ավարտվեց:

Նա հաջորդ օրը տեղեկացնում է, որ մեր հեռախոսային խոսակցությունը ձայնագրվել է և ԱԱԾ-ն իրեն ստիպում է, որ դա հրապարակի: Իհարկե, հավատացած եմ, որ մեր ԱԱԾ-ն, լուրջ գործերը թողած, նման անպտուղ հանձնարարություններով չի ծանրաբեռնի իրեն: Համենայնդեպս, նա հրապարակեց մեր խոսակցությունը:

Նշեմ, որ նա մի քանի օր առաջ իր հրապարակումների մեջ ինձ վիրավորել էր՝ դիմելով «Գևորիկ»-ով: Ես նրան զգուշացրել էի, որ իմ հետ չի կարելի նման կերպ խոսել: Ես երբեք որևէ մեկի հասցեին նման կերպ չեմ արտահայտվել: Կարող եմ քննադատել, վերլուծել մարդու ասածն ու հակադարձել դրան, բայց մարդու անուն ազգանունը գրել փոքրատառով և «ներսեսիկ», չի եղել: Ես նման ճղճիմ բաներով չեմ զբաղվում:

Ներողություն խնդրելու փոխարեն զանգում ասում է, թե լիազորություն ունի ինձ զգուշացնելու, որ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի մասին գրառումներ չանեմ՝ «ում ինչ ուզում ես ասա, բացի իրանցից»»:

Պետրոսյանի խոսքերով, իր համար անհետաքրքիր է հրահանգ տվողի ով լինելը՝ ամենաբարձր մակարդակից սկսած. «Եթե նման հրահանգ է եղել, ուրեմն ապօրինի է, գուցե և ինքն է փորձել հաճոյանալ իր վերադասներին, բայց դա անհեռատես բան էր: Նա, ինձ ճանաչելով, չպետք է նման ինքնախայտառակության գնար, որովհետև որևէ իմաստով չի կարող ինձ հետ մրցակցել:

Հանդիպման ժամանակ նա, դա շատ արագ հասկանալով, լքեց հանդիպման վայրը, բայց դրանից հետո հանրայնացրեց մեր զրույցը:

Ես դեռ պետք է որոշեմ՝ ժամանակ և ցանկություն կունենամ արդյո՞ք զբաղվել այն հարցերի պարզաբանմամբ, թե ով է եղել հրաման տվողը, ինչ իրավունք ունի զանգելու և ձայնագրելու մեր խոսակցությունը:

Մասնավոր հաղորդակցության գաղտնիության սկզբունքի խախտումը քրեական օրենսգրքով պատժելի է և դեռ մի հատ էլ այդ խոսակցությունը հրապարակելը:

Այդ բոլոր հարցերն իրավական բնույթ ունեն:

Նրանց խորհուրդ եմ տալիս պարապ ժամանակ ոչ թե գարեջրի շշերը ձեռքներին նկարվեն մանղալների մոտ, այլ զբաղվել վարչական շրջանի խնդիրներով: Այսօր Ավան վարչական շրջանում հազար ու մի խնդիր կա, մարդն, իր առաքելությունը թողած, ընգած ԱԺ պատգամավոր ա սաստում»:

ԱԺ պատգամավորը նշեց նաև, որ իշխանության միակ նպատակն իրեն հունից հանելն է. «Ուզում են հունից հանեն, որ մեկի դիմածնոտային համակարգի ներդաշնակությունը խախտեմ ու հենց այդ հիմքով ինձ ձերբակալեն կամ քաղաքականությունից հանեն:

Ես կարող եմ ինքս էլ որոշել ու դուրս գալ, բայց չի կարելի նման ճղճիմ մեթոդներով զանգել ԱԺ պատգամավորին, ձայնագրել, հետո հրապարակել: Դա ամոթալի է, ես ուղղակի կարեկցում եմ նրանց:

Արդեն հասկանալով, որ իմ նկատմամբ որևէ այլ առումով գրոհելու շանս չունեն, որևէ արարք չեն կարող ինձ մեղսագրել, որի համար պատասխան տամ՝ անցել են նման մեթոդների:

Մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը պետք է ամաչի: Փոխանակ տնտեսական հեղափոխություն անի, մարդկանց կյանքը բարելավի, ուսանողներին երաշխավորված ապագա ապահովի, աշխատողներին արժանապատիվ աշխատանք ապահովի, փոխանակ սոցիալապես անապահով մարդկանց արժանապատիվ գոյություն ապահովի, այսօր ընկած են ինչերի հետևից: Ամոթ ա ուղղակի, սա մեր երկրի դժբախտությունն է: Ես Նիկոլ Փաշինյանին կհորդորեի, գոնե այսօր վերջ դնել այդ գործելակերպին»:

Մեր զրուցակցի խոսքերով, սա քաղաքական հետապնդում է, որովհետև զանգահարողն այնքան չկա, որ այդպիսի ցուցում տա. «Սա քաղաքական պատվեր է: Ես չեմ կարող ասել ում կողմից է, որովհետև ինձ թույլ էլ չտվեցի հարցնել: Ընդամենը 5 րոպեում նրան ցույց տվեցի, որ ինքն էն տղեն չի, որ ինձ կարողանա բան ասի»:

Պետրոսյանը հավելեց, որ որևէ իշխանության օրոք նման բան չի եղել. «Նիկոլ Փաշինյանն իմ թշնամին չէ, ես նրա ոչ ընտանիքի, ոչ ընտանիքի որևէ անդամին, ոչ վիրավորելու իրավունք ունեմ, ոչ էլ վիրավորել եմ:

Ես քաղաքական գործիչ եմ, ով սահմանադրության համաձայն, ունի իրավունք ազատորեն արտահայտելու իր կարծիքը և քվեարկություն կատարելու ԱԺ-ում:

Այս ո՞ւր եք մենք հասել, որ իրավական պետության մասին զավզակող վարչապետն ամեն անգամ ասում է, որ որևէ բան այլևս նախկինը չէ:

Եղբայր, եթե նախկինը չէ, այս ի՞նչ եք դուք անում: Առավոտվա 6.30-ից մարդկանց տուգանելով եք զբաղված: Հիմա ի՞նչ, այս պարագայում ես՝ որպես ընդիմադիր ուժի ներկայացուցիչ, դրա մասին էլ պիտի չխոսե՞մ: Նրա մասին էլ պիտի չխոսե՞մ, որ ինքը խոստանում էր տնտեսական հեղափոխություն, ասում էր, եթե այս ԱԺ-ի կազմը փոխվի, օտարերկրյա ներդրողները դռան հետևը կանգնած են: Բա ո՞ւր փախան, ո՞ւր ճողոպրեցին այդ ներդրողները»:

ԲՀԿ պատգամավորի խոսքերով, Հայաստանում որևէ մեկն այլևս ներդրում չի անելու, որովհետև որևէ մեկը հավես չունի համ բերի փող դնի, համ էլ «ծեփրտվի պատերին» և «փռվի ասֆալտներին». «Ես դրսում մի քանի ընկեր ներդրողների հետ խոսել եմ, ասում են՝ «եղբայր, եթե ձեր երկրում կարան դատավորներին պառկացնեն պոլին, բա մենք ո՞վ ենք, որ մեզ չպառկացնեն»:

Դրա համար Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ Հայաստանում այլևս բացառված է իր իշխանության օրոք օտարերկրյա ներդրումների ապահովումը, անցել է պետական բյուջեն աղքատ քաղաքացիների հաշվին լցնելու գործին:

Արտակարգ իրավիճակն ինչի՞ համար եք երկարացնում, եթե ամեն օր ասում եք, որ արդյունավետ պայքարում եք: Վարչապետ մարդ ա, բան ու գործը թողած, անընդհատ ասում է՝ դիմակ դրեք, ձեռքերը հաճախակի լվացեք, դիմակը 5 սմ վերև դրեք, 3 սմ ներքև դրեք, սոցիալական հեռավորություն պահեք, փոխարեն զբաղվի տնտեսական ու սոցիալական հարցերով:

Նախ սոցիալական հեռավորություն ասվածն անգրագետ արտահայտություն է, մարդիկ սոցիալապես պետք է իրար մոտ գտնվեն, բայց պետք է ֆիզիկական հեռավորություն լինի: Դա էլ է անգրագիտության արդյունք:

Ախր ո՞ր մեկն ասենք: Միշտ ասում են Հայաստանում իրական ընդդիմություն չկա, հիմա մենք անում ենք քայլը, ցույց ենք տալիս, որ չի կարելի Սահմանադրական կարգը տապալել, չի կարելի Սահմանադրության մեռելածին հոդվածներին վերակենդանություն տալ»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից