Բարի օր Իրավական 

Դատարանն ապօրինի մերժում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը

analitik.am

 

Այսօր՝ հուլիսի 6-ին, Analitik.am-ը զրուցեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ, ով Երևան  քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գտնվող մեղադրյալ Արմեն Մելքոնյանի քրեական գործով միջնորդություն էր ներկայացրել, սակայն Դատարանն այն մերժել էր հետևյալ պատճառաբանությամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:

Պարոն Սիմոնյանի խոսքերով, վերը նշված Դատարանի որոշումը մեղադրյալի պաշտպանին չտրամադրելը չի բխի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, կխախտվի մեղադրյալի պաշտպանությունը, ինչպես նաև մեղադրյալը զրկված կլինի իր վերաբերյալ կայացված դատական ակտը բողոքարկելու իրավունքից. «Դատարանը «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելը թույլատրելու մասին որոշման էր կայացրել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Մելքոնյանի նկատմամբ:

Ես միջնորդություն եմ ներկայացրել, պահանջելով միջոցառում անցկացնելը թույլատրելու մասին 18.02.2020 թվականի որոշման պատճենը, սակայն Դատարանն այն մերժել է:

Նշեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ Քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, ինչպես նաև դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատական որոշումների բողոքարկումը և ստուգումը, բացառությամբ սույն օրենսգրքի 289.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի, կատարվում են սույն օրենսգրքի 287 և 288 հոդվածներով նախատեսված կանոններով:

Նշված նորմից հետևում է, որ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման նաև պաշտպանի կողմից, ինչպես որ ենթակա են բողոքարկման կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումները»:

Ըստ փաստաբանի, եթե շարժվենք այն տրամաբանությամբ, որ  նախաքննության ժամանակ Դատարանի կայացրած որոշումները մեղադրյալին կամ նրա պաշտպանին տրամադրել կարող է միայն նախաքննական մարմինը, ապա նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նույնպես ենթակա կլիներ տրամադրման նախաքննական մարմնի կողմից և ցանկությամբ. «Ի հակադրության, դրան նշեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ որոշումը կայացնելու օրը, դատարանն այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց: Որոշումը ենթակա է անհապաղ կատարման»:

Վերը նշված նորմից բխում է, որ նախաքննության ժամանակ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս, Դատարանը անձամբ է որոշման օրինակը տրամադրում մեղադրյալին կամ պաշտպանին. «Հետևապես, հիմք ընդունելով վերոնշյալը, գտնում եմ, որ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը նույնպես Դատարանի կողմից ենթակա է տրամադրվել մեղադրյալին կամ նրա պաշտպանին:

Բացի այդ, մեղադրյալի վերաբերյալ կայացված բողոքարկման ենթակա դատական ակտը նախնական քննության տվյալների անվան տակ չի կարող չտրամադրվել պաշտպանական կողմին, այլապես մեղադրյալը զրկված կլինի բողոքարկելու իր վերաբերյալ կայացված դատական ակտը»:

Սիմոնյանը նշեց նաև, որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: Իսկ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք. «ՀՀ Սահմանադրական դատարանի 16.10.2012 թվականի ՍԴՈ-1052 որոշման մեջ նշել է. «ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որ կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում՝ ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը»:

Մինչդեռ օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով բողոքարկման ժամկետների հաշվարկի սկիզբ համարելով բողոքարկվող դատական ակտի հրապարակման պահը, օրենսդիրը ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը կախվածության մեջ է դնում դատական հայեցողությունից՝ բաց թողնված ժամկետը հարգելի կամ անհարգելի համարելու առումով:

Բանն այն է, որ դատական ակտը հրապարակելուց, այն հասցեատիրոջն ուղարկելուց մինչև հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, որը կարող է ավելի երկարաձգվել՝ պայմանավորված նաև սուբյեկտիվ գործոններով:

Նման պայմաններում անձն իր տնօրինության ներքո հաճախ չի ունենում բողոքարկվող դատական ակտը, հնարավորություն չի ունենում վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները կազմել օրենքով դրանց ներկայացվող պահանջներին համահունչ, ինչն իրավաչափորեն հիմք է հանդիսանում վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները»:

Ըստ փաստաբանի, նշված որոշումը մեղադրյալին կամ պաշտպանին չտրամադրելու պայմաններում մեղադրյալը զրկվում է իր վերաբերյալ կայացված դատական ակտը բողոքարկելու իրավունքից, որը չի բխում մարդու հիմնական իրավունքներից. «Նշեմ նաև, որ քննիչն էլ իր հերթին չի տրամադրում, որի արդյունքում պաշտպանական կողմը զրկվում է բողոքարկելու հնարավորությունից»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից