Հասարակություն 

Երբ ինձ անձնական նամակով ամենալկտի սեռական հայհոյանք է գրում Ստրասբուրգ փախած եւ էնտեղ ապաստան խնդրած մի կին... Նաիրա Զոհրաբյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես եւ գիտեինք ու սպասում էինք, իշխանությունը հատեց օրենքի եւ բարոյականության բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Ես չեմ խոսելու իրենց մասին ու իրենց հետ։ Ես դիմում եմ ձեզ՝ Հայաստանում եւ Սփյուռքում ապրող իմ հայրենակիցներին։

Թույլ մի տվեք, որ իրենց իշխանությունը պահելու համար օգտագործեն ձեր՝ շատ հաճախ այո, արդարացի ցասումն ու ընդվզումը։

Մի՛ հայհոյեք, մի՛ հայհոյեք ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը, մի՛ դարձեք իշխանության ֆեյք, որ ձեզանով պատսպարված՝ շարունակեն հասարակությանը բաժանել յուրայինների եւ օտարների, որ ձեզ սարքած վահան, շարունակեն անտեսել երկրի ահագնացող տնտեսական եւ սոցիալական ճգնաժամը, որ ձեզ սարքելով վահան ու թիրախ, փախնեն կորոնավիրուսի դեմ տապալված պայքարի շատ մոտալուտ պատասխանատվությունից։ Երբ իշխանությունը, չունենալով քաղաքական հակափաստարկներ, սկսում է ընդդիմության հետ խոսել կոմպրոմատների եւ մեր անձնական, մասնավոր օգտահաշիվներն ու հեռախոսազրույցները անթաքույց հրապարակելու գործիքով՝ թքած ունենալով մարդու իրավունքի եւ քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության վրա, սա մեկ բան է նշանակում՝ այս իշխանությունը այլեւս պարտված է։

Երբ չունենալով քաղաքական հակափաստարկներ, իշխանությունը, տարբեր ֆեյք ու ֆեյքատիպ օգտատերերի միջոցով փորձում է մեզ սադրանքների ենթարկել, որ հետո դրանք հանրայնացնի, սա մեկ բան է նշանակում՝ այս իշխանությունը արդեն պարտված է։

Սիրելի՛ հայրենակիցներ, թույլ մի՛ տվեք, որ ձեզ դարձնեն գործիք՝ ընդդիմախոսների հետ իրենց անբարո պայքարում։

Երբ ինձ անձնական նամակով ամենալկտի սեռական հայհոյանք է գրում Ստրասբուրգ փախած եւ էնտեղ ապաստան խնդրած մի կին, ով Ստրասբուրգի խանութից օծանելիք էր գողանում ու կես գնով առաջարկում էր հայկական պատվիրակության անդամներին եւ մերժում ստանալով՝ սկսում է հայհոյել, ես այո՛, իրավունք ունեմ նրան ու նրա նմաններին ասելու՝ «դուք մի կտոր լափի համար լքել եք ձեր հայրենիքն ու հիմա էլ էնտեղից եք ապականում Հայաստանը»։

Ես խոնարհվում եմ Հայաստանում եւ Սփյուռքում ապրող իմ բոլոր այն հայրենակիցների առաջ, ովքեր ունենալով տարբեր քաղաքական հայացքներ, երբեք չեն հայհոյել, թշնամանք ու ատելություն չեն գեներացրել։

Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք։

Սրանք մտել են մեր ընտանիքները, եղբորը հանել են եղբոր դեմ, որդուն՝ հոր դեմ, հարազատին՝ հարազատի դեմ, սրանք ոտնահարել են մարդու հնարավոր բոլոր իրավունքներն ու սրանք պատասխան են տալու։
Ջուր մի՛ լցրեք ատելության ու թշնամանքի սրանց ջրաղացին, որի միակ նպատակը երկրի խայտառակ ձախողումներից ուշադրությունը շեղելու համար քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելն է։

Սրանք շատ լուրջ հանցագործություններ են, որոնց համար շատ մոտ ապագայում բոլոր դերակատարներն ու հիմնական կազմակերպիչը պատասխան են տալու։ Մերժե՛ք ատելությունն ու թշնամանքը, մերժե՛ք հայհոյանքն ու հասարակությունը պատառկելու սրանց բոլոր քայլերը։ Մենք իսկապես հայրենիք ենք կորցում։

Դրա համար շատ բան պետք չէ՝ պետք է ընդամենը չհայհոյել ու ատելություն չսփռել։

Դուք կարող եք չսիրել ինձ, կարող եք չսիրել իմ կուսակցությունը, կարող եք անգամ ատել ինձ կամ որեւէ այլ գործչի, բայց դուք իրավունք չունեք հայհոյելու ինձ ու իմ երեխային, դուք իրավունք չունեք հայհոյելու ընդդիմության կամ իշխանության որեւէ ներկայացուցչի, որովհետեւ հայհոյանքը արդեն ամենամեծ պարտությունն է։ Հայհոյանքը դա պարտվածի ու ոչնչության զենքն է։ Ողորմելի զենքը՝ ի սկզբանե դատապարտված պատերազմում։

Մի՛ համաձայնեք ինձ հետ, մի՛ համաձայնեք իմ գործընկերների, կամ ընդդիմադիր մյուս գործիչների հետ, բայց մի՛ հայհոյեք, ատելություն ու թշնամանք մի՛ տարածեք, որովհետեւ էդպես պարտվում եք դուք ու էդպես պարտվում ենք բոլորս։

Ես պատրաստ եմ ու բաց ճակատով դիմակայելու եմ այս իշխանության բոլոր անբարո քայլերին, որ դեռ լինելու են։ Ինձ լռեցնել հնարավոր չէ։

Բայց նաեւ, երբ օրը գա, ես պաշտպանելու եմ եւ չեմ թողնելու, որ սրանց հետ հաշվեհարդար տեսնեն, շատ դաժան հաշվահարդար բոլոր նրանք, ում ընտանիք սրանք մտել են։

Այո՛, չեմ թողնելու, որովհետեւ մենք բոլորս պիտի գնանք բացառապես իրավական ճանապարհով ու մենք բոլորս ենք ներկա լինելու սրանց Նյուրենբերգին։

Առողջ եղեք ու միշտ ժպտացեք։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից