Իրավական Կորոնավիրուս 

«Իմ քայլն» առաջարկում է բարձրացնել դիմակ չկրելու համար սահմանված տուգանքները

analitik.am

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դիմակ չկրելու համար տուգանք եք թանկացնու՞մ։ Իսկապե՞ս։ Ծիծաղում եք մարդկանց վրա, հարգելի իշխանություն։ Իսկ գիտեք, որ մարդիկ համարյա թե լացում էին, երբ դուք ցինիկաբար ծիծաղում էիք նաև կորոնավիրուսի վրա։

Այս աստիճան ապաշնորհ․․․»։

Նշենք, որ պատգամավորի մտահոգության համար հիմք է հանդիսացել իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ  դրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, ինչն, ի դեպ, հրապարակվել է ԱԺ կայքում։

Առաջարկվող փոփոխություններով արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20.000 ՀՀ դրամ)։

Իսկ բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 ՀՀ դրամ)։

Նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով։

Կայքը տեղեկացնում է, նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Նույն շարքից