Կորոնավիրուս Հասարակություն 

Կասեցումներ` «ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե»-ում, «Հայանտառ» ՊՈԱԿ»-ում

 

Հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները շարունակվում են ՀՀ ողջ տարածքում: Խստացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվում են նաև կասեցման աշխատանքները:

ԱԱՏՄ այսօրվա երկու տասնյակից ավելի կասեցումների ցանկում են նաև «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն», «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, անհատ ձեռնարկատերեր:

Նաև 48-ժամյա արգելք է կիրառվել Կապանի «Մերի Մաթևոսյան» ԱՁ-ի նկատմամբ։

ԱԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Այս վարչական շրջանում դրանք անցկացվում են արդեն ոչ առաջին անգամ։ Առանձնակի ուշադրություն է դարձվում այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում:

Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած տնտեսավարողների մոտ դեռ շարունակում են արձանագրվել խախտումներ՝ կապված ախտահանիչ նյութերի, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանների, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ:

ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը:

Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների նկատմամբ, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ստուգայցերն անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ կրկնակի խախտումների դեպքում կայացվում են առավել երկարատև կասեցման որոշումներ: Իսկ պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից