Հասարակություն 

Արցախի նախագահն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարը քննարկել են կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները

analitik.am

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները Հայաստանում և Արցախում՝ կարևորելով դրանցից բխող ընդհանուր և միասնական գործողությունները։

Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ Արցախի նախագահն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայականն է։ Այդ համատեքստում շատ կարևոր է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումների քննարկման փուլերին արցախցի մասնագետների ներգրավումը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ համավարակի հետևանքով կրթական ոլորտում ստեղծված դժվարությունները նոր մարտահրավերներ են առաջացրել, որոնց այլընտրանքային լուծումները գտնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ բարձրացված հարցերն անպայման տեղ կգտնեն երկու գերատեսչությունների միջև ընթացող աշխատանքային քննարկումներում:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Արցախյան այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել նաև ԱՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ: Քննարկվել են ոլորտային բարեփոխումներն ու առկա մարտահրավերները։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ։

Նույն շարքից