Իրավական 

ՍԴ նախագահի և դատավորների կողմից ՄԻԵԴ ներկայացված գանգատի իրավական ճակատագիրը․ սահմանադրագետ

analitik.am

Օրերս քննարկման առարկա է Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների կողմից Եվրոպական դատարան ներկայացված գանգատի իրավական ճակատագիրը։

Կարծում եմ՝ հաշվի առնելով Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի, Բական ընդդեմ Հունգարիայի եւ այլ գործերով Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները և ձևավորած իրավակիրառ պրակտիկան՝ Սահմանադրական դատարանի նախագահի եւ 3 դատավորների գործերն ամենայն հավանականությամբ եզրափակվելու են՝ Եվրոպական դատարանի կողմից դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտումը արձանագրելով։

Առաջնային հարցերը, որոնց սույն վարույթի շրջանակներում պետք է տրվեն պատասխաններ, հետևյալն են՝

1️⃣ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում առկա է այնպիսի ներպետական ատյան, որտեղ դատավորները կարող են հայցել իրենց ենթադրյալ իրավունքների խախտումները (իմ գնահատմամբ՝ այդպիսիք առկա չեն),

2️⃣ արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների գործընթացը համապատասխանում է ՀՀ ներպետական օրենսդրության պահանջներին, և եթե ոչ, ապա արդյո՞ք դա հանգեցրել է դատավորների՝ Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման։

3️⃣ Համոզված եմ, որ վարույթի շրջանակներում անդրադարձ կլինի նաեւ ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման համար անցումային շրջան նախատեսելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությանը Ազգային ժողովի կողմից չհետեւելու խնդրին, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, որը կարտացոլվի վերոնշյալ դատավորների վարույթներում գտնվող գործերի վրա՝ ոտնահարելով դիմումատուների արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորությունը։

Արդյունքում, հաշվի առնելով ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան՝ մեծ է հավանականությունը, որ նշված գործով ոչ միայն կհաստատվի դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստը, այլև կսահմանավի ՀՀ պարտավորությունը հնարավորինս սեղմ ժամկետում դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում։

Գոհար Մելոյան

Սահմանադրագետ

Նույն շարքից