Հասարակություն 

Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարել. կապը ռեկտորի մրցույթի հետ

ԵՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարել. կապը ռեկտորի մրցույթի հետ.

Սա արդեն սրբապղծություն է դառնում: Մագիստրատուրա ընդունված ուսանողները հուլիսի 7-ին նամակ են ստանում համալսարանից, որ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է մինչև հուլիսի 10-ը վճարել վարձի մեկ ամսվա գումարը, որպեսզի կարողանան հրամանագրվել որպես ուսանող: Ինչպես տեսնում եք, ըստ պաշտոնապես հաստատված կանոնակարգի, ուսանողները իրավունք ունեն մինչև սեպտեմբերի 10-ը չվճարել այդ գումարը:
Ստիպելով ապօրինաբար գումար գանձելն արդեն առերևույթ հանցագործություն է, սակայն տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու են այդ հանցագործությունը կատարում:

Ինչպես հայտնի է, ԿԳՄՍ նախարարությունը հայտնի հովանավորչության շրջանակում ափալ-թափալ ՀՊՏՀ ռեկտորի ապօրինի մրցույթ է հայտարարել: Խորհուրդը, որը ռեկտոր պետք է ընտրի, բազմաթիվ հակասություններ ունի օրենքի հետ: Դրանցից մեկն այն է, որ մեր սիրելի ուսանողներից 4-ը, որոնք որևէ մեղք չունեն, հուլիսի 17-ին այլևս ուսանող չեն լինելու, որովհետև ավարտել են համալսարանը: Իսկ նրանք խորհրդում որպես ուսանող են ներկայացված: Հետևաբար, խնդիր է դրված մինչև հուլիսի 17-ը աննախադեպ արագացված ռեժիմով նրանց կրկին ուսանող դարձնելու, այս անգամ՝ արդեն մագիստրատուրայի:

Եվ քանի որ միայն 4 հոգու հրամանագրելն անհնար է, բոլոր ուսանողներին ապօրինաբար ՊԱՐՏԱԴՐԵԼ ԵՆ նախատեսվածից 2 ամիս շուտ մուծել մեկ ամսվա վարձը, որպեսզի կարողանան բոլորին հրամանագրել:

Բայց քանի որ չարության և տգիտության միջև ուղիղ համեմատական կապ կա (չվիճեք, միշտ այդպես է), հաշվի չեն առել, որ նույնիսկ այս մեթոդներով նրանց հրամանագրելով խնդիրը չի լուծվում, որովհետև, ըստ բուհերի մասին օրենքի, ուսանող դառնում են միայն պայմանագիր կնքելուց հետո, որտեղ արդեն ամրագրվում է ուսանող դառնալու սկիզբը՝ սեպտեմբեր ամիսը, որովհետև մինչև ուսումնական տարվա մեկնարկը ուսանող չեն կարող դառնալ: Նույնիսկ չեմ խոսում այն մասին, որ ԿԳՄՍՆ-ի ապօրինությունների հետևանքով անգամ ռեկտորի պաշտոնակատար չկա, այսինքն, օրինական հրամանագրող չկա: Իսկ աշխատանքից ազատված պաշտոնակատարը, հավանաբար մոռանալով, որ ազատվել է պաշտոնից, ինչպես տեսնում եք, կոչ է անում վաղվանից վճարել վարձը:

Ինձ հետ կապ են հաստատել ուսանողներ, ովքեր ինձ խնդրում էին ինչ-որ կերպ օգնել այս հարցում, որովհետև ստիպված պարտք են վերցնում ուրիշից, գրավի դիմաց վարկ են ստանում բանկից, որպեսզի 3 օրում հասցնեն կատարել չլսված ապօրինի պահանջը: Եվ այս ամենը՝ համավարակի սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին…

Լավ, դուք լրի՞վ սատանա եք, ես չեմ հասկանում: Այս ի՞նչ եք անում մի թշվառ աթոռի համար:
Սիրելի՛ ուսանողներ, դուք պարտավոր չեք վճարել. մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ ունեք: Եվ թող որևէ մեկը փորձվի ձեզ չհրամանագրել:

Այս անբարոյական հանցագործության փաստերը՝ նախորդ հանցագործությունների հետ միասին, շուտով պաշտոնապես կներկայացնեմ դատախազությանը և ոստիկանությանը, որպեսզի անխուսափելի ընթացք տրվի»:

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից