Հասարակություն Միջազգային 

Վրաց ուղղափառ եկեղեցին կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը «չեզոք տարածք» թողնել

analitik.am

Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը տարածել է հատուկ հայտարարություն՝ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի հնարավոր փոփոխման մասին։ Թուրքիայի պետական խորհուրդը մտադիր է այժմ թանգարան հանդիսացող տաճարը վերածել մզկիթի, հայտնում է «Գրուզիա-օնլայն»-ը։

Պատրիարքարանի հայտարարության մեջ ասվում է, որ Թբիլիսիում հետևում են գրեթե 1000 տարի առաջ կառուցված և նշանավոր քրիստոնեական եկեղեցի հանդիսացող Սուրբ Սոֆիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

«Հայտնի է, որ թուրքական կողմի հայտարարությունը պայմանավորված էր մի շարք պատճառներով: Այնուամենայնիվ, այժմ, երբ մարդկությունը բախվում է բազմաթիվ գլոբալ մարտահրավերների, շատ կարևոր է քրիստոնյաների և մահմեդականների միջև լավ հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը: Մենք կարծում ենք, որ եթե Սուրբ Սոֆիան մնա չեզոք տարածք, դա կլինի իմաստուն որոշում »:

Միաժամանակ, վրաց ուղղափառ եկեղեցում հավաստիացնում են, որ «հարգում են Թուրքիայի ինքնիշխանությունը»: Պատրիարքարանը հույս ունի, որ «բարեկամական պետությանը» ուղղված այդպիսի կոչը կընկալվի ոչ թե որպես միջամտություն նրա ներքին գործերին, այլ որպես ամենահին ուղղափառ եկեղեցիներից մեկի դիրքորոշում և հոգու ցավի արտահայտություն։

«Հուսով ենք, որ Թուրքիայի և Վրաստանի միջև բարիդրացիական, բարեկամական և ռազմավարական հարաբերությունները կշարունակվեն խորանալ, ինչը օգուտ կբերի երկու երկրներին»,- նշել է պատրիարքարանը:

Նույն շարքից