Հասարակություն 

Չգիտեմ՝ այս իրավիճակում ինչքանով էր ճիշտ նման որոշում կայացնելը. իմքայլական պատգամավորը՝ կառավարության որոշման մասին. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ կառավարությանը ներկայացրած օրենսդրական փաթեթը, ինչը գործադիրը երեկ է հաստատել, նախատեսում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ ստեղծել: Ըստ այդմ, արտակարգ դրության պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների կառավարումը, անկախ սեփականության ձևից, անցնում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, այսինքն՝ առողջապահության նախարարությանը։

Բացառություն են կազմում միայն պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները։ Բացի այդ, նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության նախարարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Ավելի պարզ ասած՝ արտակարգ դրության ժամանակ հանրապետությունում գործող բժշկական բոլոր հաստատությունները, բացառությամբ պաշտպանության նախարարության հոսպիտալների, ժամանակավորապես անցնում են առողջապահության նախարարությանը, և նախարարն է որոշում, թե տվյալ հիվանդանոցն ինչի պետք է ծառայի: «Իրատեսը» իմքայլական մի պատգամավորից հետաքրքրվեց. «Հիմա էլ մասնավո՞ր հիվանդանոցներին եք անցնում, նույնիսկ սեփական հիվանդանոցները չեք կարողանում կառավարել, մասնավորների կառավարու՞մն ինչպես եք հորով-մորով անելու»:

«Ձեր ասածի հետ չհամաձայնել չեմ կարող, այո, իսկապես բարդ է լինելու: Թեև այժմ մասնավոր ԲԿ-ների տնօրենները լռում են, բայց ակնհայտ է, որ նախաձեռնությունն իրենց սրտով չէ: Հանուն արդարության ասեմ՝ հիվանդանոցի հանձնում-ընդունում անելն այդքան էլ հեշտ ու կարճատև գործընթաց չէ, այն մինչև մեկ ամիս կարող է ձգվել, անկողնային պարագաներից մինչև բժշկական ձեռնոց ու ներարկիչներ պետք է գույքագրել, իսկ դա խաղ ու պար չէ:

Չգիտեմ՝ այս իրավիճակում ինչքանով էր ճիշտ նման որոշում կայացնելը, բայց իմ խորին համոզմամբ, հիվանդանոցի տնօրենը շատ ավելի լավ գիտի իր ղեկավարած կառույցի հնարավորությունները, քան պետության կողմից նշանակված մեկ այլ անձ: Ուղղակի պետք է կառավարչական հմտություններ բանեցնել, բանակցել, լեզու գտնել մասնավոր հիվանդանոցների ղեկավարության հետ ու այդ կերպ ԲԿ-ները ներառել համավարակի դեմ տարվող աշխատանքներում»,- նշեց մեր զրուցակիցը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից