Քաղաքականություն 

Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից. Նիկոլ Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը:

«1.Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն:

Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա:

Ասվածը չի կարող վերաբերվել օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաև արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով:

2.Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն:

3.Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը:

4.Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:

5.Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք:

Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:

6.Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը:

Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»,-ասել է վարչապետը:

Նիստի վերաբերյալ ամբողջական հաղորդագրությունը՝ այստեղ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից