Քաղաքականություն 

Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը. Նիկոլ Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը:

«Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում գտնվել է «արևելքի արևմուտքում» և «արևմուտքի արևելքում»՝ հաճախ դառնալով քաղաքակրթությունների բախման թատերաբեմ։

Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը և միջազգային հարաբերություններում մեզ դիրքավորում որպես քաղաքակրթությունների երկխոսության ջատագով:

Միջազգային և ազգամիջյան երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հասկանալու և հասկանալի դառնալու ձգտման վրա:

Քաղաքակրթությունների, ժողովուրդների, պետությունների երկխոսությանը և բազմակողմ հարաբերություններին նպաստելը պիտի դառնա միջազգային խաղաղությանն ու կայունությանը աջակցելու մեր հանձնառության արտահայտությունը: Հայաստանը պատրաստ է դառնալ նման երկխոսության հարթակ:

Այսքանը՝ որպես ուղերձ:

Անդրադառնալով այսօր մեր կողմից ընդունվելիք Ազգային անվտանգության ռազմավարության տեքստին՝ ես ցանկանում եմ ընդգծել ևս մեկ կարևոր նրբություն:

Այդ նրբությունը հետևյալն է, որ ռազմավարության մեջ Հայաստանի պետության գոյության աղբյուրը և երաշխիքը համարվում է հայ ժողովրդի կամքը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության գոյությունը պայմանավորված է, պայմանավորվում է և պիտի պայմանավորվի հայ ժողովրդի կամքով:

Եվ եթե առարկայական ձևակերպելու լինենք, թե ինչ նկատի ունենք՝ ասելով հայ ժողովրդի կամք, և ինչպես պետք է այդ կամքն արտահայտվի ամենօրյա իրավիճակներում, իմ ընկալումն այսպիսին է, որ կամքը գոյանում է իրավունքների և պարտականությունների իրացման խաչմերուկում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հայ ժողովուրդը՝ որպես ամբողջություն, հնարավորություն ունի իրացնել իր իրավունքները՝ միևնույն ժամանակ նույնքան նախանձախնդիր լինելով իր պարտականությունների կատարման մեջ, և այս երկու հասկացությունների հատման կետում է, որ գոյանում է այն կամքը, որի վրա իսկապես կարող է հենվել հայոց պետականությունը:

Սա կարևոր առանձնահատկություն եմ համարում և կարևոր ընդգծում եմ համարում Ազգային անվտանգության ռազմավարության տեքստի և հայեցակարգի մեջ, որովհետև, ինչպես նախկինում մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, սովորաբար հայոց պետականության գոյությունը և նաև, ցավոք, հետագայում չգոյությունը՝ մեր պատմության ընթացքի պայմանավորվել է հաճախ աշխարհաքաղաքական հանգամանքների նպաստավոր կամ աննպաստ լինելու հետ:

Եվ մեր մեծագույն խնդիրն է՝ մեր ժողովրդի և պետության ճակատագիրը դուրս բերել այս ցիկլից, երբ աշխարհաքաղաքական գործոններն են դառնում այն առանցքային հանգամանքը, որոնք պայմանավորում են մեր պետության գոյությունը կամ չգոյությունը, և մեր պետությունը պետք է հիմնված լինի մեր ժողովրդի կամքի վրա:

Եվ, ըստ էության, Ազգային անվտանգության այս ռազմավարությամբ մենք նոր նշաձող ենք դնում մեր առաջ:

Բայց ես ցանկանում եմ ասել, որ դա ոչ այնքան նշաձող է, ավելի ճիշտ է դա անվանել՝ ծանրաձող, որովհետև դա մեզնից յուրաքանչյուրի՝ սկսած բարձրաստիճան պաշտոնյաներով, շարունակած քաղաքացիներով, մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է որոշակի՝ իհարկե, համաչափ և համարժեք պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունը կրելու և իրավունքներն իրացնելու մեր կամքից է կախված մեր պետականության հետագա գոյությունը, և ես համոզված եմ, որ մենք՝ որպես ժողովուրդ, որպես ազգ, իսկապես պատրաստ ենք այսօր վերցնել այդ պատասխանատվությունը:

Ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք՝ որպես կառավարություն, որպես Անվտանգության խորհուրդ, այս պատրաստակամությունը ձևակերպել և ունենք մանդատ մեր ժողովրդից՝ ձևակերպել այդ պատրաստակամությունը և այդ պատրաստակամության իրացումը դարձնել մեր ամենօրյա աշխատանք:

Շնորհակալ եմ: Այսքանը՝ որպես նախաբան»,-ասել է վարչապետը:

Նիստի վերաբերյալ ամբողջական հաղորդագրությունը՝ այստեղ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից