Իրավական 

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում

Հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։25-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհին մի քաղաքացի է ընկած։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Անդրեասյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Չարբախ-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածից անգիտակից վիճակում «Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ 43-ամյա Արտակ Մ․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև «Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր, ձախ բազկի վերին երրորդի կտրած-ծակած վերք, էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ՝ նրան Մասիսի հիվանդանոցից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչ Իսրայելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտլրագրողի տեղեկություններով՝ Արտակ Մ․-ին հայտնաբերել է իր սանիկը։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզի դատախազի տեղակալ Գասպարյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից