Միջազգային Քաղաքականություն 

Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ հույն պատգամավոր

Թուրք-հունական հարաբերություններն ավելի են լարվել, քանի որ թուրքերը տեղեկացել են, որ հույները ցանկանում են Սալոնիկում Քեմալ Աթաթուրքի տունը վերածել պոնտացի հույների ցեղասպանության թանգարանի, դրանով պատասխանելով Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի մզկիթի վերածելու թուրքերի նախաձեռնությանը։ Nouvelles d’Armenie-ի հաղորդմամբ, այդ առաջարկությունն արել է  «Հունաստանի որոշումը» քաղաքական կուսակցության ղեկավար Թանասիա Միլոնասը:

«Հունաստանը պետք է հզոր արձագանք տա Թուրքիային,- հայտարարել է Միլոնասը՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները «սադրանք»  որակելով:- Բարբարոսներին միայն այդ կերպ կհասկացնես»:
«Մեր կուսակցության դիրքորոշումը հետևյալն է. սա համաշխարհային խնդիր չէ, սա երկկողմանի հարաբերությունների խնդիր է, երկկողմանի թեմա է: Սա վերաբերում է ուղղափառությանը, սա վերաբերում է հույներին»,-ասել է պատգամավորը:

Panorama.am-ի տեղեկացմամբ, թեմային լայնածավալ հոդվածով անդրադարձել է Greek City Times-ը՝ գրելով, որ չնայած թուրքերը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին համարում են ժամանակակից Թուրքիայի հանրապետության հիմնադիրը, հույները, հայերն ու ասորիները հիշում են նրան որպես Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացրած ցեղասպանության հիմնական ոճրագործներից մեկը, ինչը հանգեցրեց շուրջ 3,5 միլիոն մարդկանց համակարգված բնաջնջմանը:

Աթաթուրքի և նրա նախորդների վարած քաղաքականության հետևանքով մոտ մեկ միլիոն հույն բնաջնջվեց, 1923-1924 թվականներին Լոզանի պայմանագրով ավելի քան 1,2 միլիոն հույներ բռնի կերպով տեղահանվեցին Թուրքիայից՝ Փոքր Ասիայում, Պոնտոսում և Արևելյան Թրակիայում քայքայելով հունական կյանքի հազարավոր տարիները։

Աթաթուրքը ալբանական հրեա էր, որը ծնվել է Սալոնիկում 1881 թ.: Նրա հայրը մահացել էր, երբ նա երիտասարդ էր, իսկ մայրն աշխատում էր բորդելում։ Նա բարձրացավ օսմանյան ռազմական աստիճաններով՝ աչքի ընկնելով Առաջին աշխարհամարտի և դրան հաջորդած հունա-թուրքական պատերազմի տարիներին:

Հոդվածում մեջբերվում են վկայություններ՝ Աթաթուրքի կողմից հույների ցեղասպանության մասին. «Քեմալականները խիզախորեն ավարտին հասցրին իրենց համակարգված արշավը Փոքր Ասիայում հունական փոքրամասնության ոչնչացման համար, նույն անհավատալի դաժանությամբ, ինչպես Առաջին աշխարհամարտի սկզբում 1 միլիոն հայերի կոտորածը»: 1923 թ. օգոստոսի 13-ին Անկարայում անցկացվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Աթաթուրքը հայտարարեց. «Վերջապես մենք արմատախիլ արեցինք հույներին»:

Այնուհանդերձ, չնայած Աթաթուրքի հանցագործություններին, որի արդյունքում սպանվել են գրեթե մեկ միլիոն հույներ և ջնջվել է հելլենական կյանքը, որ հազարամյակներ շարունակ գոյություն է ունեցել այսօրվա Թուրքիայի շատ շրջաններում, Սալոնիկում տունը, որտեղ նա ծնվել է, ոչ միայն պահպանված է, այլև Թուրքիայի հյուպատոսական համալիրի մի մասն է:

Այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անողոք կերպով առաջ է մղում հայտնի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու պրոցեսը, որն այսօր թանգարան է, Աթաթուրքի տունը պետք է վերածվի թանգարանի՝ ի հիշատակ 1 միլիոն հույների, որոնք բնաջնջվեցին նրա ռեժիմի կողմից։

Իհարկե, սա չպետք է լինի արձագանքը Էրդողանի՝ թանգարանը մզկիթի վերածելու հավակնության, որին բացասաբար են արձագանքել ոչ միայն Հունաստանից, այլև ԱՄՆ-ից, ԵՄ-ից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից, պետք է լինի բարոյական հրամայական, որը պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ։

Թուրքիայի կողմից Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու խելագար քայլը  Հունաստանին կտա լեգիտիմություն՝ առանց Թուրքիայի կարծիքը հաշվի առնելու՝ Աթաթուրքի ծննդավայրը վերածել ցեղասպանության թանգարանի։

Էրդողանն ասում է, որ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելն իր սուվերեն իրավունքն է։ Ժամանակն է, որ Հունաստանի կառավարությունը խիզախ քայլ կատարի ու Աթաթուրքի տունը վերածի  հունական ցեղասպանության թանգարանի:

Ճիշտ այնպես, ինչպես Էրդողանը շեշտեց, որ Հունաստանը չի կարող ազդել կամ մեկնաբանել Թուրքիայի ներքին որոշումների կայացման վրա՝ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ, այնպես էլ  Թուրքիան Հունաստանի վրա:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտարարվեց, որ որոշումը կայացված է և Սուրբ Սոֆիան կվերածվի մզկիթի։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից