Հասարակություն Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ամեն անգամ արտակարգ դրությունը երկարացնելով, փորձում է քաղաքական ռեպրեսիաների միջոցով ավելի ամրապնդել իր դիրքերը. Անի Հովհաննիսյան

 

Ինչպես արդեն հայտնել ենք, Խոր Վիրապից այսօր բերման է ենթարկվել Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը:

Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ իրեն շատ կոշտ ձևով բերման են ենթարկել, չնայած ինքը տեղյակ է պահել, որ ԶԼՄ-ի գլխավոր խմբագիր է. «Ես ավտոմեքենայի մեջ փորձեցի ճշտել, թե ինչու են բերման ենթարկում, սակայն ոստիկանները լուռ էին, անգամ չէին ասում, թե ուր են տանում:

Նրանք իմ հեռախոսը խլեցին ձեռքիցս: Ես ասացի, որ լրագրող եմ, խմբագիր, իմ մասնագիտական գործունեությունն էի իրականացնում: Ի վերջո, նույնիսկ եթե ուղղակի քաղաքացի լինեի, պետք է ասեին, թե ինչու են բերման ենթարկում»:

Արդեն ոստիկանությունում պարզել են, որ Հովհաննիսյանն Analitik.am-ի գլխավոր խմբագիրն է, ինչից հետո արձանագրություն է կազմվել, որ ինքը բերման է ենթարկվել ինքնությունը պարզելու համար, չնայած ինքն ասել է, թե ով է. «Ես հիմա դիմում եմ բոլոր ԶԼՄ-ներին, դեսպանատներին, միջազգային կառույցներին,որոնք այդքան խոսում են մարդու իրավունքների մասին: Այս իրավիճակը Հայաստանում այլևս անընդունելի է: 5 տղամարդ, քաշելով, հեռախոսը ձեռքից խլելով, բերման են ենթարկում՝ առանց ասելու, թե ինչու են դա անում:

Պարզ երևում է, որ նրանք հրաման են կատարում:

Քաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ նման ձևով այլևս անհնար է, անընդունելի է: Հերթական անգամ երկարաձգել արտակարգ դրությունը զուտ նրա համար, որ մարդիկ չկարողանան իրենց բողոքն արտահայտեն, անընդունելի է»:

Հովհաննիսյանը նշեց, թե տպավորություն ունի, որ ոստիկաններն ուղղակի հրահանգ են ստացել բոլորին բերման ենթարկել՝ անկախ նրանից, թե ով է այդ քաղաքացին՝ ակցիայի մասնակից, լրագրող, Խոր Վիրապ այցելած քաղաքացի. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ամեն անգամ արտակարգ դրությունը երկարացնելով, փորձում է քաղաքական ռեպրեսիաների միջոցով ավելի ամրապնդել իր դիրքերը:

Մենք տեսնում ենք ժողովրդի վիճակը, տնտեսական, սոցիալական խնդիրները, կորոնավիրուսի լայն թափով տարածումը: Այս իրավիճակում միակ բանը, որը կարող է Նիկոլ Փաշինյանին օգնել, որպեսզի չլինի հանրային ընդվզում, հանրահավաքներն արգելելն է:

Փաստացի այսօր մեզ նորից զրկեցին ազատ խոսքի իրավունքից: Բոլոր նրանք, ովքեր թեկուզ միայնակ կբարձրաձայնեն խնդիրները, բերման կենթարկվեն»:

Հովհաննիսյանը նշեց, որ ոստիկաններն էլ են հասկանում ամեն ինչ, սակայն ստիպված անում են հրամանները. «Ես չեմ արդարացնում ոստիկաններին: Կատարելով անօրինական հրաման՝ ոստիկանները մաս են կազմում այն հանցագործություններին, որոնք կատարում է քաղաքական իշխանությունը»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից