Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվել է հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, տեղադրվել են արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի և արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի աստղերը։ Աստղերի բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 12-ի երեկոյան՝ սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ, պահպանելով ավտանգության բոլոր կանոնները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն արարողության ընթացքում ընդգծել է, որ «Ոսկե ծիրանի» նման բացումն աննախադեպ է՝ արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին, որովհետև նրանք այս քայլով ապացուցում են, որ ավելի լավ է անել որևէ բան, քան չանել ոչինչ։

Շնորհակալ եմ նրանց կամքի համար, որ թույլ չտվեցին ընդհատվի կարևորագույն մշակութային իրադարձության պատմությունը, ավանդույթը՚ թեկուզ և մեկ տարով»,- նշել է Արա Խզմալյանը՝ անդրադառնալով նաև հայ կինոյում երկու մեծերի՝ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի ավանդին։

«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև մեր մեծերը, որոնք հեռացան մեզնից, սպասում են մեր վերաբերմունքին։ Ժամանակին «Ոսկե ծիրանը» բացել է այս աստղերի ճեմուղին՝ մշտապես հիշելու անարդար կերպով մոռացված հայ կինեմատոգրաֆիստներին։

Մենք սիրում ենք նրանց, տեսել ենք նրանց ֆիլմերը, տեսել, թե ինչ դժվար պայմաններում են ստեղծում կինո։ Մենք նրանց շարունակողն ենք»,- աստղերի բացման արարողությանն ասել է «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը՝ առանձնահատուկ կարևորելով երկու գործիչների անցած ուղին և հույս հայտնելով, որ ոչ ոք չի մոռանա նրանց ու նրանց ավանդը։

Արարողության ընթացքում ելույթ են ունեցել Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի ընտանիքի անդամները՝ իրենց շնորհակալությունը հայտնելով փառատոնին՝ նման նախաձեռնության և գործիչների հիշատակը վառ պահելու համար։

Հիշեցնենք, որ համավարակային իրավիճակով պայմանավորված՚ Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։

Վաղուց արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը առցանց՝ մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։

Արարողության տեսանյութը։