Հասարակություն 

Մինչև 2030 թ. զրոյական սովի հասնելու նպատակը վտանգված է սովյալների թվի ավելացման և թերսնվածների թվի պահպանման պատճառով

analitik.am

 

Միավորված ազգերի կազմակերպության ամենամյա ուսումնասիրությամբ պարզվել է, որ սովյալների թիվն աճում է։ Վերջին հինգ տարիների ընթացքում տասնյակ միլիոնավոր մարդիկ հայտնվել են քրոնիկ թերսնվածների շարքերում, մինչդեռ աշխարհի բազմաթիվ երկրներ շարունակում են թերսնուցման տարբեր ձևերի դեմ պայքարել։

Այսօր հրապարակված «Պարենային անվտանգության և սնուցման վիճակն աշխարհում» զեկույցի վերջին հրատարակության գնահատմամբ՝ 2019 թվականին սովյալների թիվը գրեթե 690 միլիոն է կազմել, 2018 թվականի համեմատ աճելով 10 միլիոնով, իսկ հինգ տարիների կտրվածքով՝ շուրջ 60 միլիոնով։

Մեծ ծախսերը և ցածր գնողունակությունը նույնպես նպաստում են նրան, որ միլիարդավոր մարդիկ զրկվում են սննդարար կամ առողջ սննդամթերքի հնարավորությունից։

Սովյալների թիվը գերակշռում է Ասիայում, սակայն առավել արագ տարածվում Աֆրիկայում։

Ըստ զեկույցի, ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով մինչև 2020 թվականը մոլորակի ավելի քան 130 միլիոն բնակիչ քրոնիկ սովի ճիրաններում կհայտնվի (համավարակով պայմանավորված սաստիկ սովի բռնկումները կարող են այս թվի հետագա աճի հանգեցնել)։

«Պարենային անվտանգության և սնուցման վիճակն աշխարհում» զեկույցն աշխարհի ամենահեղինակավոր ուսումնասիրություններից է, որը հետևում է աշխարհում սովին և թերսնուցմանը վերջ դնելուն ուղղված աշխատանքների ընթացքին։

Այն պատրաստվում է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ), Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ( ԱՀԿ) համատեղ ջանքերով։

Հինգ գործակալությունների կողմից պատրաստած առաջաբանում ընդգծվում է, որ «5 տարի է անցել այն պահից, երբ աշխարհը պարտավորվեց վերջ տալ սովին, պարենային անապահովությանը և թերսնուցման բոլոր ձևերին, սակայն առ այսօր հեռու ենք մինչև 2030 թվականն այդ նպատակին հասնելուց»։

Սովի ցուցանիշների մեկնաբանություն

Այս հրապարակման մեջ Չինաստանի և այլ խիտ բնակեցված երկրների վերաբերյալ թարմացված առանցքային տվյալները հանգեցրել են սովյալների ընդհանուր թվի զգալի կրճատման՝ հասնելով ներկա 690 միլիոնի։ Սակայն միտումների որևէ փոփոխություն չի արձանագրվել։

2000 թվականից ի վեր սովի ցուցանիշների ուսումնասիրությունը բերում է միևնույն եզրակացությանը. տասնամյակներ շարունակ կայուն նվազում գրանցելուց հետո 2014 թվականից հետո և ցայսօր քրոնիկ սովը դանդաղորեն աճում  է։

Ասիան շարունակում է թերսնվածների թվով առաջատար դիրք զբաղեցնել (381 միլիոն)։ Երկրորդ տեղում Աֆրիկան է (280 միլիոն), որին հաջորդում է Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանի երկրները (48 միլիոն)։

Անբավարար սնուցման տարածվածությունը կամ սովյալների թվի ընդհանուր տոկոսը առանձնապես չի փոխվել՝ 8.9 տոկոս, սակայն բացարձակ թվերը 2014 թվականից ի վեր սկսել են աճ գրանցել: Սա նշանակում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում սովի ցուցանիշը գլոբալ բնակչության աճին զուգընթաց աճում է։

Այս փաստն, իր հերթին, տարածաշրջանային անհամաչափ ցուցանիշներ է նշանակում. տոկոսային արտահայտությամբ Աֆրիկան առավել տուժած տարածաշրջանն է, որտեղ բնակչության 19.1 տոկոսը թերսնուցված է։

Սա ավելի քան կրկնակի չափով գերազանցում է Ասիայում (8.3 տոկոս), Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում (7.4 տոկոս) գրանցված ցուցանիշները։ Ներկա միտումների պահպանման դեպքում մինչև 2030 թվականը Աֆրիկան կդառնա աշխարհի քրոնիկ սովից տառապող մարդկանց բնօրրանը։

Համավարակի հետևանքները

Քանի դեռ սովի դեմ պայքարի առաջընթացը չկա, ՔՈՎԻԴ-19 համավարակն ավելի է սրում գլոբալ պարենային համակարգերի (սննդի արտադրության, բաշխման և սպառման վրա ազդող բոլոր գործողությունների և գործընթացների) խոցելիությունն ու թերությունները:

Չնայած դեռ շուտ է գնահատական տալ արգելափակումների և մեկուսացման այլ միջոցառումների ամբողջ ազդեցությանը, զեկույցի գնահատմամբ՝ ՔՈՎԻԴ 19-ով պայմանավորված տնտեսական անկման արդյունքում նվազագույնը ևս 83 միլիոն մարդ և, հնարավոր  է ընդհանուր առմամբ, շուրջ 132 միլիոն մարդ կարող է սովի մատնվել 2020 թվականին։ Այս իրավիճակը կասկածի տակ է դնում Կայուն զարգացման նպատակ 2-ին (Զրոյական սով) հասնելը:

Անառողջ սնուցում, պարենային անապահովություն և թերսնուցում

Սովի և թերսնուցման բոլոր ձևերի (ներառյալ անբավարար սնուցումը, սննդարար միկրոտարրերի անբավարարությունը, ավելորդ քաշը և ճարպակալումը) հաղթահարումն ավելին է, քան գոյատևման համար բավարար սնունդ ապահովելը. այն, ինչ մարդիկ ուտում են, և մանավանդ այն, ինչ ուտում են երեխաները, պետք է նաև սննդարար լինի:

Այսուհանդերձ, ընտանիքների մեծամասնության հիմնական խնդիրը սննդարար մթերքի բարձր արժեքն է և առողջ սնուցման ցածր հասանելիությունը։

Զեկույցում ներկայացվում են փաստեր, որ առողջ սննդակարգի արժեքն աղքատության միջազգային շեմի՝ օրական 1.90 ԱՄՆ դոլարից շատ ավելի բարձր է։

Եվ նույնիսկ ամենամատչելի առողջ սննդակարգը միայն օսլա պարունակող ուտելիքով սնվելուց հնգապատիկ ավելի թանկ է:

Սննդարար տարրերով հարուստ կաթնամթերքը, միրգ-բանջարեղենը և սպիտակուցով հարուստ սննդամթերքը (բուսական և կենդանական ծագման) աշխարհում ամենաթանկ սննդամթերքներն են։

Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ առողջ սնուցումն ավելի քան 3 միլիարդ մարդու համար մատչելի չէ։ Սա ներառում է ենթասահարային Աֆրիկայի և Հարավային Ասիայի բնակչության 57 տոկոսը, չնայած որ այս ցուցանիշը ոչ մի տարածաշրջան չի անտեսել, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկային և Եվրոպային։

Եվ մասամբ սա է պատճառը, որ թերսնուցմանը վերջ տալուն ուղղված մրցավազքը մեծապես վտանգված է։

Նշված զեկույցի տվյալներով, 2019 թվականին մինչև հինգ տարեկան երեխաների մեկ քառորդից մինչև մեկ երրորդը թերաճ կամ սուր թերսնուցված՝ չափազանց կարճահասակ կամ նիհար է եղել։ Նույն տարիքային խմբում ևս 38 միլիոն երեխա գերքաշ է եղել։ Միաժամանակ, չափահասների շրջանում գիրությունն է գլոբալ համավարակի վերածվել։

Գործողությունների ձեռնարկման կոչ

Զեկույցում բերվում են հիմնավոր փաստեր, որ կայունության նկատառումները հաշվի առնելու դեպքում համաշխարհային մակարդակով առողջ սննդակարգի անցումը կօգնի արգելակել սովի տեմպերը՝ միևնույն ժամանակ հսկայական խնայողություններ կատարելով:

Ըստ հաշվարկի՝ այդպիսի անցումը թույլ կտա գրեթե ամբողջությամբ փոխհատուցել անառողջ սննդակարգի հետ կապված առողջապահական ծախսերը, որոնք, տարբեր գնահատականներով, մինչև 2030 թ. կարող են հասնել  տարեկան 1.3 տրիլիոն ԱՄՆ դոլարի, իսկ ջերմոցային գազերի արտանետումների՝ սնուցմամբ պայմանավորված սոցիալական ծախսերը, որոնք կազմում են 1.7 տրիլիոն ԱՄՆ դոլար, կարող են մինչև երեք քառորդով կրճատվել։

Փաստաթուղթը հորդորում է նաև վերափոխել պարենային համակարգերը՝ սննդարար մթերքի արժեքի կրճատման և առողջ սնուցման մատչելիության մեծացման նպատակով։

Թեև կախված երկրից՝ լուծումները տարբեր են, բայց նույնիսկ այդ դեպքում հիմնական պատասխանները հենց այն միջամտություններն են, որոնք պետք է կատարվեն պարենային ապրանքների մատակարարման ողջ շղթայում, դրանց միջավայրում և այն քաղաքական տնտեսության մեջ, որտեղ ձևավորվում են առևտուրը, պետական ծախսերը և ներդրումային քաղաքականությունները:

Փաստաթուղթը կառավարություններին կոչ է անում սնուցումը ներառել գյուղատնտեսության ոլորտի իրենց մոտեցումներում, ջանքեր ներդնել՝ կրճատելու սննդամթերքի արտադրության, պահպանման, փոխադրման, բաշխման և շուկայավարման գործընթացներում ծախսերի ավելացմանը նպաստող գործոնները, ներառյալ՝ անարդյունավետության, սննդամթերքի կորուստների և թափոնների կրճատման միջոցով, աջակցել տեղական փոքր արտադրողներին՝ աճեցնելու և վաճառելու առավել սննդարար մթերք և ապահովելու դրանց մուտքը շուկաներ, առաջնահերթությունը տալ երեխաների սնուցմանը՝ որպես գերակա խնդիր, խթանել վարքագծի փոփոխություն՝ կրթության և հաղորդակցության միջոցով, և, վերջապես, սնուցումը ներառել սոցիալական պաշտպանության ազգային համակարգերում և ներդրումային ռազմավարություններում:

«Պարենային անվտանգության և սնուցման վիճակն աշխարհում» զեկույցի պատրաստման մասնակից ՄԱԿ-ի հինգ գործակալությունների ղեկավարները հայտարարում են այս դարակազմիկ փոփոխությանն աջակցելու իրենց պատրաստակամության մասին՝ ապահովելու վերջինիս «կայուն մեթոդներով, հանուն մարդկանց և մոլորակի» իրականացումը։

Զեկույցի ամբողջական և համառոտ տարբերակները կարդալ ասյտեղ։

 

 

Նույն շարքից