Հասարակություն 

Լոռու մարզի Մեծ Պարնի և Ծաղկաբեր համայնքներով անցնող 6.85 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվել է

analitik.am

 

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ավարտվել է Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր 6.85 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամները տեղում ծանոթացել են կատարված աշխատանքների հետ։

Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանի տեղեկացմամբ՝ ճանապարհը 1980-ական թվականից ի վեր չէր վերանորոգվել‚ ճանապարհը դժվարանցանելի էր, ասֆալտապատ պաստառ գրեթե չկար, միայն տեղ-տեղ մնացած ասֆալտի հետքերն էին հուշում‚ որ այդտեղ ժամանակին ասֆալտապատ տարածք է եղել։

Այսօր արդեն համայնքները փոշուց մաքրվել են, դպրոց տանող ճանապարհը սարքվել է: Գյուղացիների հոգսը թեթևացել է, ծախսը պակասել է, մեքենաները չեն կոտրվում։

Շինարարական աշխատանքներն իրականացրած ընկերության՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ի աշխատակիցները հանձնաժողովի անդամներին ներկայացրել են ճանապարհի լուսանկարները՝ արված մինչ վերանորոգումը և վերանորոգումից հետո։ Լուսանկարներից ակնհայտ էին այն մեծ ծավալի աշխատանքները‚ որ կատարվել էին ծրագրի ընթացքում։

Հանձնաժողովի անդամները համայնքապետի և համայնքի բնակիչների հետ զրույցներում ընդգծել են‚ որ գյուղատնտեսական տեխնիկան պետք է անցնի հատուկ դրա համար կառուցված անցումներով։

Հակառակ դեպքում վերականգնված ճանապարհը կվնասվի և երկար չի ծառայի։

Լոռու մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Բարսայանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել ճանապարհի վերականգնման որակից։

Նշենք‚ որ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հեռացվել են քայքայված ենթահիմքը‚ հիմքը և փոխարինվել նորերով:

Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ վերականգնվել են նաև ջրահեռացման համակարգերը‚ կառուցվել են մայթեր:

Կատարվել են ճանապարհային նշանների, արգելապատնեշների և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ: Նորոգվել են նաև երեք կամուրջները։

 

Նույն շարքից