Քաղաքականություն 

Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի հրետակոծումը առնվազն խախտում է միջազգային իրավունքի նորմերը․իրավաբան

Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի հրետակոծումը առնվազն խախտում է միջազգային իրավունքի վերոնշյալ նորմերը, իսկ դրա համար նախատեսված պատասխանատվությունը միջազգային իրավունքում անվիճելի է։

«Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977թ.-ի օգոստոսի 12-ի կոնվենցիայի 1-ին Լրացուցիչ Արձանագրության 51-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համաձայն` Քաղաքացիական բնակչությունը, որպես այդպիսին, ինչպես նաև քաղաքացիական առանձին անձինք չպետք է հարձակումների օբյեկտ հանդիսանան: Արգելվում են բռնության գործողությունները կամ բռնության սպառնալիքները, որոնց հիմնական նպատակն է ահաբեկել քաղաքացիական բնակչությանը: Ոչ ընտրողական բնույթի հարձակումներն արգելվում են: Ոչ ընտրողական բնույթի հարձակումների թվին են պատկանում.
ա) այն հարձակումները, որոնք ուղղված չեն ռազմական կոնկրետ օբյեկտների դեմ,
բ) այն հարձակումները, որոնց ժամանակ կիրառվում են ռազմական գործողությունների վարման մեթոդներ կամ միջոցներ, որոնք չեն կարող ուղղված լինել ռազմական կոնկրետ օբյեկտների դեմ (…): ՀՀ-ը վավերացրել է վերոնշյալ Լրացուցիչ արձանագրությունը 1993թ.-ին, իսկ Ադրբեջանը` ոչ:

Ոչ ընտրողական բնույթի զենքի օգտագործումը նաև արգելվում է Հաագայի 2-րդ` 1899թ.-ի «Պատերազմի օրենքների ու սովորույթների մասին» միջազգային կոնվենցիայով: Սակայն Ադրբեջանը չի վավերացրել վերոնշյալ կոնվենցիան:
Խաղաղ բնակչությանը և զինվորականներիին տարբերակելու պարտավորությունների խախտումները` որպես պատերազմական հանցագործություններ, տրված են նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի ա ենթակետով և 2002թ. «Հանցագործության տարրեր» ակտով:

«Հանցագործության տարրեր» ակտը Միջազգային քրեական դատարանին օգնում է Կանոնադրության 6, 7 և 8 հոդվածների մեկնաբանման և կիրառման գործում, որոնցում համապատասխանաբար սահմանված են ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների հանցակազմերը:

Թեև Ադրբեջանը չի վավերացրել Ժնևյան կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունները, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը, դա վերջինիս չի ազատում խաղաղ բնակչության և զինվորականների միջև տարբերակելու սկզբունքի խախտման դեպքերի համար պատասխանատվությունից քանի որ վերոնշյալ սկզբունքը համարվում է սովորութային նորմ երկրների պրակտիկայի կողմից: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սովորութային միջազգային մարդասիրական իրավունքի ուսումնասիրությունում ևս ամրագրված է վերոնշյալ սկզբունքը` որպես
Կանոն համար 1 և 11:

Խաղաղ բնակչության և զինվորականների միջև չտարբերակելու արգելքը նախատեսված է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից տրված «Ատոմային զենքեր» Խորհրդատվական Կարծիքում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք...

Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից