Քաղաքականություն 

ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է արել

analitik.am

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ վերադարձնել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռամայի կոչը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

«Ես խորապես մտահոգված եմ բռնության աճով, որը մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով, և կոչ եմ անում անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը, քանի դեռ չենք տեսել նոր զոհեր»,- ասել է Ռաման:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը կողմերի հետ սերտ կապի մեջ են իրավիճակը կայունության վերադարձնելու ձգտման հարցում: Ուղիղ կապուղին հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2019թ. մարտին, Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած հանդիպման ժամանակ։ Ռաման հույս է հայտնել, որ նման մեխանիզմները կարող են օգտագործվել այս իրավիճակում լարվածությունը թուլացնելու համար:

Ռաման ցավակցություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իր մտահոգությունն է հայտնել երկու կողմերից տուժածների վիճակի առնչությամբ։

«Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքի վրա և հնարավորինս արագ վերսկսենք առարկայական բանակցությունները»,- ասել է Ռաման՝ ընդգծելով Մինսկի խմբի գործընթացին իր աջակցությունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան: 

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա: 

Հուլիսի 13-ի առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոտիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ  Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը  հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Ավելի ուշ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են նաև ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

Հուլիսի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները:

Նույն շարքից