Քաղաքականություն 

«Իմ քայլում» ուրբաթ օրը վեճ է ծագել. Գործին միջամտել է Սուրեն Պապիկյանն ու «դաստիարակչական» աշխատանքներ տարել

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում սկսել են առաջնորդվել նեղ անձնային շահերով և «սիմպատիաներով», ինչն էլ առիթ է դարձել, որ «Իմ քայլում» ուրբաթ օրը վեճ ծագի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ «դաստիարակչական» աշխատանքներ է տարել իմքայլականների հետ, թե ինչպես պիտի լինի պատգամավորը, և որ չի կարելի անձնական «սիմպատիաների» պատճառով ձախողել թիմային աշխատանքը։

Բանն այն է, որ հուլիսի 8-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը, ըստ որի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ: Հուլիսի 9-ին պետք է տեղի ունենար օրենքի երկրորդ ընթերցումը, սակայն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշում կայացվեց հետաձգել հարցի քննարկումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մասնագետների մտահոգությունները: Իրականում պարզվում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի ջանքերով է տապալվել նախագիծը։

Պատգամավորն անձնական խնդիրներ ունի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանի հետ, ով նշանակված է որպես նախագծի զեկուցող։ Պատգամավորը գործընկերներին համոզել է, որ հաշվի չեն առնվել իր առաջարկները, և չի կարելի խորհրդարանին այսպես արհամարհել։ Պապիկյանն ուրբաթ օրվա նիստին ասել է, որ ուղղակի ապշած է ստեղծված իրավիճակից, թե ինչպես կարելի է անձնական դրդապատճառներով տապալել օրենքը։ Նա զգուշացրել է, որ մի քանի օր անց նախագիծը երկրորդ ընթերցման է ներկայացվելու, և ինքը չի հանդուրժի նման կամակորություններ։ «Իմ քայլի» մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխող խմբակցությունում գործում են խմբակներ։ Դրանցից մեկն էլ Մերի Գալստյան-Լենա Նազարյան-Մարիա Կարապետյան եռյակն է, որը շատ ակտիվ է ներքին քննարկումներում և միասնաբար է գործում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից