Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Որ պատգամավորները կկարողանան «տնից» քվեարկել. Արարատ Միրզոյանն անհամաձայնություն ունի իմքայլական պատգամավորի հետ

analitik.am

 

Իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում ու թույլ տալ առողջական խնդիրներ ունեցող պատգամավորներին գրավոր քվեարկել այս կամ այն նախագծին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ իր հասկանալով, նախագծի նպատակը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ԱԺ աշխատանքները չպարալիզացնելն է: Նրա խոսքերով, հստակ պետք է գրված լինի, որ խոսքը վերաբերում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ պարետատան ցուցումով մեկուսացած վարակակիր պատգամավորներին:

Վահագն Հովակիմյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն կորոնավիրուսով վարակված պատգամավորներին, այլ նաև նրանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն ու ի վիճակի չեն ներկայանալ աշխատանքի:

Ինչ վերաբերում է հնարավոր չարաշահումներին, Հովակիմյանի խոսքերով, եթե նման պատգամավորներ լինեն, դա կլինի մեր պետության քաղաքական կյանքի ողբերգությունը. «Եթե լինեն նման պատգամավորներ, հանրությունը պետք է տեսնի նրանց, ովքեր ի չարս են օգտագործում օրենքով նախաձեռնված գործիքը: Դա հաջորդ քվեարկության ժամանակ կարող է օգնել ընտրություն կատարել»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով, քննարկման արդյունքում դուրս կբերվի բանաձևը, որը լավագույնս կհամապատասխանի այս իրավիճակին. «Գոնե այս պահին ես կարծում եմ, որ պետք չէ այդպիսի ընդհանրական մոտեցում ցուցաբերել: Դա հղի է տարբեր հնարավոր հետևանքներով: Պետք է կենտրոնանալ բացառապես կորոնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության վրա: Սա իմ նախնական տեսակետն է»:

Արարատ Միրզոյանի հետ համաձայն է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ ԱԺ-ում եղել են պատգամավորներ, ովքեր մեկը մյուսի փոխարեն «կնոպկա» են սեղմել ու չեն ամաչել:

Նույն շարքից