Հասարակություն 

Մահացել է Ժիրայր Ալթունյանը

analitik.am

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին 74 տարեկանում կյանքից հեռացել է խմբավար, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Թաթուլի Ալթունյանը:

Ժիրայր Ալթունյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 23-ին Երևանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո` 1967 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` երգչախմբային դիրիժորական բաժին:

1972 թվականին կոնսերվատորիան գերազանց ավարտելով` ստացել է դիրիժոր-խմբավարի որակավորում:

Ավարտելուց հետո ծառայել է Սովետական բանակում: 1973 թվականին աշխատել է Հայաստանի երգչախմբային ընկերությունում՝ որպես գլխավոր դիրիժոր, 1974-1990 թթ.՝ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթում՝ որպես գլխավոր խմբավար:

Ժիրայր Ալթունյանի մասնագիտական կենսագրությունում հատուկ տեղ է գրավում սփյուռքը. հայ համայնքների երգչախմբերում նրա ստեղծած ծրագրերը յուրովի և անհատական վառ երանգներով են օժտված:

1990-2002 թթ նա հրավիրվել է աշխատելու արտերկրում՝ Սիրիա, Իրան: Ղեկավարելով Հալեպի՝ «Սպենդիարյան», Դամասկոսի՝ «Քնար», Թեհրանի՝ «Արարատ» երգչախմբերը՝ նա նպաստել է մեր հայրենակիցների հոգևոր պահանջների ստեղծագործական ընդունակությունների խթանմանը, հայտնաբերմանն ու զարգացմանը:

Միաժամանակ, աշխատել է մանկական երաժշտական դպրոցների բազմաթիվ երգչախմբերում: Ժիրայր Ալթունյանը 2004 թվականից մինչ օրս հանդիսացել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվետսական ղեկավար:

Նա համույթի բազմաթիվ երգերի, պարերի գործիքավորման հեղինակ է: Նրա աշխատանքները նոր մտածողության արդյունք են՝ միաժամանակ կրելով ժամանակի շունչն ու ավանդականի լավագույն հատկանիշները:

Նվիրյալ գեղարվեստական ղեկավարն իր ամբողջ ներուժով զարգացրել է համույթի կատարողական արվեստը, ոգևորել և հետամուտ է եղել վերջինիս մասնագիտական աճին և կատարելությանը:

 

Նույն շարքից