Իրավական Տեսանյութեր 

ԱԱԾ-ն հայտնում է նոր բացահայտման մասին /տեսանյութ/

analitik.am

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանձապես խոշոր չափերով թմրա­մի­ջոց­ների ապօ­րինի շրջանառության և մաքսանենգության դեպքեր:

Մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Վ. Կ.-ն, ՀՀ տարածքում «MDMB-2201» կրճատ անվամբ թմրամիջոց կրող բուսական զանգվածի՝ թմրամիջոցի իրացման հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ձեռնամուխ է եղել մաքսանենգությամբ՝ նշված թմրամիջոցը կրող խոշոր չափերով բուսական զանգվածի՝ արտերկրից ՀՀ տեղափոխելու կազմակերպմանը և ղեկավարմանը:

Հիշյալ մաքսանենգությունը կազմակերպելու նպատակով, Վ. Կ.-ն համացանցի միջոցով ծանոթացել է արտերկրում բնակվող, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, նրան է տրամադրել  իր հասցեն և անձնական տվյալները, ու պահանջել է փոստային առաքման եղանակով ՀՀ ուղարկել  «MDMB-2201» կրճատ անվամբ թմրամիջոց կրող խոշոր չափերով՝ 5,34 գրամ հաստատուն չոր քաշով բուսական մանրացված զանգված՝ թմրամիջոց: Ապա նույն անձի էլեկտրոնային դրամապանակին փոխանցում կատարելու եղանակով վճարել է պահանջած թմրամիջոցի արժեքը, որից հետո էլ հիշյալ անձը, հիշյալ թմրամիջոցը  միջազգային փոստային առաքանիով ուղարկել է Վ. Կ.-ին:

Վ. Կ.-ն 2020 թվականի հուլիսի 8-ին այցելել է փոստային բաժանմունք, ստացել է առաքանին և այդ կերպ փորձել է իրացման նպատակով ձեռք բերել, պահել ու փոխադրել հիշյալ թմրամիջոցը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի  կարողացել ավարտին հասցնել նշված հանցավոր արարքը, քանի որ ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրա­մի­ջոց­ների ապօ­րինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը բացահայտվել և դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզաբանվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, որի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Վ. Կ.-ն բերման է ենթարկվել ազգային անվտանգության ծառայություն:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 07.07.2020թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

2020 թվականի հուլիսի 10-ին Վ.Կ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որպես  խափանման միջոց է կիրառվել կալանավորումը :

Մեղադրյալի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է սինթետիկ կանաբինոիդների դասին պատկանող թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված քիմիական հումքը՝ թմրամիջոցը, բուսական ծագման զանգվածը (շուրջ 72 գրամ), ինչպես նաև արդեն իսկ չափաբաժիններով առանձնացված փաթեթներ, էլեկտրոնային կշեռք, որոնք առերևույթ վկայում են դրանց իրացման նպատակով պահելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ մաքսանենգությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ինչպես նաև ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներթափանցումը խափանելու, կանխելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հիշեցնում  է, որ թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը, ինչպես նաև դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը դասվում են ծանր հանցագործությունների շարքին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ ԱԱԾ

Նույն շարքից