Հասարակություն Պատահարներ Ռազմական 

Տավուշ տեքստիլի և կոնյակի գործարանի հրետակոծությունը խիստ դատապարտելի է. Արման Թաթոյան

analitik.am

Առաջին օրվա հրետանային գնդակոծությունները Մովսես գյուղի անմիջական հարևանությամբ էր, ինչն ակնհայտ վտանգ էր քաղաքացիական բնակչության կյանքի համար։ Այս մասին այսօր Իջևանում կայացած ճեպազրույցի ընթացքում նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը։

«Հուլիսի 12-ից սկսած ժամը 23-ից, երբ ակտիվ հրետանակոծումներ սկսվեցին Տավուշի մարզի ուղղությամբ, մեր աշխատակազմը ստացավ բողոքներ և ահազանգեր, քանի որ մենք սերտ կապի մեջ ենք քաղաքացիական բնակչության հետ և  կապ ենք պահպանում պաշտպանույան նախարարության հետ: Պաշտպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցություն է ստեղծվել, որը թույլ է տալիս արագ օպերատիվ կապ հաստատել, քանի որ մեր աշխատանքների առաջնային ուղղություններից է զինծառայողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը»,- նշեց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ հուլիսի 13,14-ին, երբ հրետակոծվում էին Բերդ, Չինարի, Այգեպար և այլ գյուղեր, ՄԻՊ-ի կողմից արագ այց է եղել: Նրա խոսքով՝ այդ այցելությունները բացառապես իրավապաշտպան սկզբունքներով են եղել և ուղղված են եղել բնակչության իրավունքների և խնդիրների արձանագրմանը:

«Քննարկում է եղել Տավուշի մարզպետի հետ, այցելել ենք նախևառաջ  Բերդ քաղաք, քանի որ հրետակոծվել էր Տավուշ տեքստիլի և Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղի ուղղությամբ: Սա խիստ դատապարտելի է, քանի որ Տավուշ տեսքտիլը արտադրում է դիմակներ և կորոնավիրուսի պայմաններում բնականաբար միջազգային մարդասիրական իրավունքի խախտման մասին է խոսքը գնում»,- նշեց նա:

Ըստ նրա՝ դա հիմք է տալիս ենթադրելու, որ ադրբեջանական կողմը իմացել է, որ կա առողջապահական նպատակներով դիմակներ արտադրող ընկերություն: «Հրետանակոծությունները իրականացվել են ցերեկային ժամին, այդ ժամին եղել են աշխատողներ, այսինքն խոսքը գնում է թիրախային վնաս հասցնելու մասին»,- նշել է նա։

Նույն շարքից