Ռազմական Տեսանյութեր 

Տավուշում հրշեջ ավտոմեքենաները խնդիր ունեն հրդեհներին մոտենալու հարցում, կրակում են. ԱԻ նախարար

analitik.am

 

Մեր զինծառայողները ռմբակոծվող գյուղերում աշխատում են բնակչության հետ: Մեր խնդիրն է բնակչության անվտանգության ապահովումն ու հրդեհների ու ավերվածությունների վերացումը: Հրդեհներ եղել են, մեր մեքենաները մոտենալու խնդիր ունեն, քանի որ կրակի տակ են: Մենք բոլոր գյուղերն ապահովում ենք հրշեջ մեքենաներով, անձնակազմը, ամեն ինչը կա: Բացի դրանից լրացուցիչ ուժեր են գնացել Երևանից, որոնք համապատասխան տեխնիկայով գտնվում են Բերդի տարածաշրջանում: Տեղը չեմ ասում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Խմբերով չլինելու մասով խիստ հրահանգներ կան»,-ասաց նախարարը` հավելելով, որ տեղում աշխատող հրշեջ մեքենաները նույնիսկ ներկվել են այլ գույնով, որպեսզի հակառակորդը չթիրախավորի դրանք:

Ցոլակյանը կարևորեց լրատվականների աշխատանքը՝ հայտարարելով, որ պետք չէ սխալ ինֆորմացիա տալ. «Այս պահին ես չեմ հասկանում, չեմ կարողանում ընկալել ադրբեջանցի մահացած զինվորների նկարները մեր սայտերում քցելը»:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին ասաց, որ դա առանձին քննարկման նյութ է: Նա նշեց, որ հանրության մեդիագրագիտությունը մեծ տեմպերով զարգանում է, քաղաքացիները կարողանում են տարբերել տեղեկատվությունն ապատեղեկատվությունից. «Իհարկե պետք է քննարկենք, թե Ազգային անվտանգության տեսանկյունից ինչ մարտահրավերներ կան: Այդպիսի վերլուծական աշխատանքներ կատարվում են»:

Փաշինյանը կարևորեց խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, ինչը չի նշանակում, որ պետք է անտեսել ազգային անվտանգության սպառնալիքները:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայաստանի սահմանները պաշտպանելու ժամանակ հերոսաբար ընկած զինվորների հիշատակը։

 

Նույն շարքից