Առողջապահություն Կորոնավիրուս Քաղաքականություն 

Ինչ է պատմում ֆրանսահայ բժիշկը Հայաստան ժամանած բժիշկների մասին.hraparak.am

analitik.am
Ֆրանսիայում բնակվող հայազգի բժիշկ Ժան Միշել (Հովհաննես) Էքերյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, թե ինչպես է կազմակերպվել Ֆրանսիայից covid 19-ի բուժման համար հումանիտար օգնության նպատակով բժշկական խմբի ժամանումը Հայաստան։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայից բժիշկների 7 հոգանոց խումբ էր ժամանել, խոսքն առաջին այցի մասին է։ Ֆրանսիայում հրատարակվող «France Armenie» պարբերականը անդրադարձել էր այս թեմային՝ գրելով, որ դա արվել է Արսեն Թորոսյանի PR-ն ապահովելու համար։

Պարոն Էքերյանը hraparak.am-ին պատմեց, որ հումանիտար խմբի ձևավորման առաջարկով իրեն է զանգահարել ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին՝ Դավիթ Փափազյանը, սակայն ինքը նշել է, որ Հայաստանը բժիշկների կարիք չունի, եթե ցանկանում են օգնել, ապա ավելի նպատակահարմար է բժշկական սարքավորումներով օգնել, քանի որ Հայաստանի իր գործընկերների հետ մշտական կապի մեջ է, և Հայաստանից էլ ասել են, որ սարքերի կարիք կա․

«Ինձ հեռաձայնեց Դավիթ Փափազյանը, ինքը տնտեսագետ է։ Չգիտեմ՝ ինչ ձևով կապված է կառավարության հետ, բայց առողջապահության օրգանի մեջ ինքը հայտնի չէ բնավ։ Երևի թե ինքը Վահան Փափազյանի որդին է, իր ուսման մի մասն առավ Անգլիա, մյուս մասն առավ Ֆրանսիա։ Ինքը, ունենալով ցանց և գոց խոսելով անգլերեն և ֆրանսերեն, ինքն ասավ, որ կրնա ցուցադրական մեկ հատ ծրագիր մը սարքե, և այլն և այլն։ Երևի թե դա այդպես էլ եղավ, ինքը բոլորը կազմակերպեց այդ ցուցադրական ծրագիրը։ Մեր խոսակցությունը հետևյալն էր․ ըսավ, որ բժիշկ, նայեցեք՝ Հայաստանի կացությունը շատ վատ է covid-ի առումով, մենք անպայման պետք ունինք բժիշկներու, պետք է անպայման 20 հոգի ինքնաթիռին մեջ դնենք։ Ըսավ՝ հոգ մի ընեք, մենք ամեն բան կվճարենք։ Կերթաք ամենալավ հյուրանոցներուն մեջը, որպեսզի աշխատիք Հայաստան, մեր բժիշկները չեն գիտեր տիրապետել covid-ին և հոգնած են։ Ես էլ իրեն ըսի, որ միշտ կապի մեջ եմ կոլեգաներուն հետ, որովհետև 32 տարի է, որ կհամագործակցիմ իրենց հետ, իմ կոլեգաները, մանավանդ «Էրեբունի» հիվանդանոցի ռեանիմատոլոգները ինձ ըսին, որ բնավ կարիք չկա բժիշկներուն։ Ասիգա տրամաբանական է, որովհետև իրենք արդեն հայտնի բժիշկներ են, եթե բանի մը կարիքն ունենան, կրնան թղթածրար մը «մեյլով» ղրկեն, բայց ըսին, որ բնավ պետք չկա։ Ես էլ Փափազյանին փոխանցեցի, որ մինչև մեր կոլեգաները Հայաստանեն մեզի չկանչեն, ըսել է, որ մեր գալը բնավ նպաստավոր պիտի չըլլա ժողովուրդին համար։ Ինձ Հայաստանեն ըսեցին, որ սարքեր են պետք, բայց պետք չկա գալու, որովհետև իզուր մեր ժամանակը պիտի կորի, և մեր օգնությունը բոլոր բժիշկներուն օգնության պես է՝ կհերթապահենք, հաջորդ օրը հոգնած ենք՝ կերթանք, կքնենք, ապա նորից կհերթապահենք, կհանգստանանք և այլն։ Այսպիսով օրական հերթապահության պատմություն է։ Ուրեմն բացատրեցի, որ ավելի լավ է Հայաստանի հիվանդներու համար, բժշկության և բոլոր ոլորտին համար ուրիշ ձևով ընենք, որ ավելի շուտ պիտի նպաստե ժողովուրդին՝ իմաց տալով, որ առաջնահերթ են սարքերը, և 2 տարբեր սարքեր կան, որ Հայաստանը չունի կամ քիչ ունի, և եթե փոխանցենք իրենց, ապա շատ ավելի շուտ պիտի կնպաստենք իրենց և կյանքերը կփրկենք»։

Պարոն Էքերյանն ասաց, որ խոսքը «Օպտիֆլոու» կոչվող սարքի մասին է, հենց այդ սարքի կարիքն են ունեցել Հայաստանի բժիշկները․

«Օրինակ՝ «Օպտիֆլոու» սիստեմը, հիվանդը երբ անչափ ծանրացած վիճակով, որ նույնիսկ արհեստական շնչառության դեպքում իր թոքերը կվնասվին։ Այսինքն՝ մենք մի կողմեն արհեստական շնչառության սարք կդնենք, որ արյան թթվածնի մակարդակը բարձրանա, բայց մյուս կողմեն փոքր շնչուղիներուն հյուսվածքները կվնասենք, հիվանդությունը որ գնա, վերջը պետք է մեր վնասածը վերականգնվի։ Մենք առաջին շաբաթները երբ բուժեցինք covid-ներուն, ադեն եդքը անդրադարձանք, որ այդպես պիտի ընենք։ Եվ այդ սարքավորումը, որ կկոչվի «Օպտիֆլոու», ասիգա բարդ թթվածինեն ուրիշ մեկ հատ միջանկյալ սարք մըն է, որ առանց վնասելու փոքր շնչուղիները կրնա մի քանի հիվանդներուն չենթարկել արհեստական շնչառության»։

Հաջորդիվ Ժան Միշել Էքերյանը մեզ ասաց, թե ինչ պատասխան է ստացել Դավիթ Փափազյանից՝ իր առաջարկի առիթով․

«Փափազյանը պատասխանեց՝ ես ադոր մասին բնավ բան մը չհարցուցի քեզի, Դուք կրնա՞ք լցնել ինքնաթիռ մը կամ ոչ։ Եթե չեք կրնար, ուրեմն ես կերթամ ուրիշին մոտ ման գամ։ Ինքը չէր շահագրգռված՝ ժողովրդին պիտի օգնե՞ս, թե ՞ ոչ։ Հայտնի էր, որ այս ծրագիրը ինքը սարքեց բնավ Հայաստանի բժիշկներեն խորհուրդ չվերցնելով, և երկրորդ՝ ուղղակի իր նպատակը այդ ցուցադրական ծրագիրը անպայման ընելն էր՝ ցույց տալու համար, որ ինքը կարող է օգնել կամ մեծ բան մը ընել, որովհետև այդ բոլոր բժիշկները, ինչպես ես, որ ընդհանրապես կաշխատեն Հաստանի հետ տասնյակ տարիներով, իրենք ըսին նույն բանը, որ իմաստ չկա ինքնաթիռ մը լցնելու»։

Մեր զրուցակցին հարցրինք, այնուամենայնիվ այդ հումանիտար օգնությունն, իր կարծիքով, որևէ օգուտ չբերե՞ց Հայաստանին՝ բժիշկների այցը․

«Զրո։ Հայաստանի բժիշկները հայտնի բժիշկներ են։ Այդ բոլոր ծախսված գումարները ճամփորդության համար, կրնայինք գնել սարքեր, որ գոնե կարողանայինք փկել 20 կամ 30 հիվանդ»,- պատասխանեց Էքերյանը։

Ժան Միշել Էքերյանից բացասական պատասխան և այլընտրանքային առաջարկ լսելով Դավիթ Փափազյանը կապ է հաստատել արդեն մեկ այլ բժշկի՝ Ալեքսանդր Մինիոնի հետ, որը և կազմակերպել է բժիշկների խմբի այցը Հայաստան։

Ի դեպ,Մինիոնը covid19 բուժելու փորձառություն չի ունեցել, բացի այդ նրա գործունեությունը «Կոշեն» հիվանդանոցում, որտեղ նա աշխատել է, դադարեցվել է։ Այս մասին մենք տեղեկացանք մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթից, որը հավաստում է Մինիոնի գործունեության կասեցումը։

Նույն շարքից