Իրավական 

Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը

 

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«Ըստ այդմ՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 69 քրեական գործ:

Այս ցուցանիշը, չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած բարդություններին՝ 27-ով կամ 64%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է կրթության, 31-ը՝ տեղական ինքնակառավարման, 3-ը՝ կադաստրային, 1-ը՝ բանկային, 6-ը՝ առողջապահության, 7-ը՝ սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության ոլորտներում, 4-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ, իսկ 5-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:

2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 87 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 23 ղեկավար, դպրոցների և մարզդպրոցների 16 տնօրեն, 4 փոխտնօրեն, 8 ուսուցիչ, Գյումրու քաղաքապետարանի 4 աշխատակից, արհեստագործական ուսումնարանի 3 տնօրեն, բժշկասոցիալական ոլորտի ծառայության  1 ղեկավար և 2 աշխատակից, ՊՈԱԿ-ի 6 տնօրեններ, հիվանդանոցի 3 տնօրեններ և 9 բուժաշխատողներ, 8 քաղաքացի՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանադակելու համար: Ընդ որում, նշված անձանցից միայն 9-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 անձի վերաբերյալ 5 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 4 քրեական գործ, որոնցով 6 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 137.650.210 ՀՀ դրամ, որից 17.185.074 մլն ՀՀ դրամը Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների անմիջական գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:

Բացի այդ, դատարանում ավարտված 3 քրեական գործերով բավարարվել է պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ մարզի դատախազության դատախազների ներկայացրած բոլոր հայցերը՝ ընդհանուրն մոտ 13մլն ՀՀ դրամի չափով, որը բռնագանձելու համար կատարողական թերթիկներ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և արդեն իսկ սկսվել է բռնագանձման գործըթնաց:

2020թ. 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, ՀՀ Շիրակի մարզպետին, Գյումրու քաղաքապետին և պետական այլ կառույցներ ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 26 միջնորդագրեր, որոնցից 12-ի արդյունքում արդեն իսկ կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ տնօրեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Շիրակի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:

Այդ գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 263 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, սոցիալական և կրթության ոլորտում անցակացված վարչական հսկողության և աուդիտի, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին և այլ ոլորտներ:

Ընդ որում, նշված լիազորությունների իրականացման շրջանակներում մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 26 քրեական գործ։

Կատարվող ուսումնասիրություններով անհրաժեշտ սուբյեկտներին դատախազության կողմից տրվել են 16 նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավեի քան 6 մլն ՀՀ դրամ գումար:

Շիրակի մարզի դատախազությունը 2020թ. առաջին կիսամյակում նախկին տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աշխատանք է կատարել քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համատեքստում: Մասնավորապես, եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել 69 քրեական գործ՝ 92 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 102 քրեական գործ (շուրջ 48%-ով ավելի) 126 անձի վերաբերյալ (շուրջ 37%-ով ավելի)»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից