Հասարակություն 

Ահազանգ․ պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք

analitik.am

 

Վերջին ամիսիներին Հայկական բնապահպանական ճակատը, Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչներն անընդհատ ահազանգում են, որ սնանկացած ու նոր տերերի անցած Լիդիան ընկերության վարձած նոր պահնորդական ընկերությունը, ինչպես նաև վարձկան կապալառու մեկ այլ ընկերություն բռնի գործողություններ են սադրում Ամուլսարի պահպանության կետերում։

Նախկինում գրել ենք վարձված նոր պահնորդական ընկերության՝ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի ստեղծած խնդիրների մասին․ հրազենով ու մահակներով զինված ներկայություն Ջերմուկի մայրուղուն, դաժանության ցուցադրություն՝ պահապանների շների ձագերին սպանելով, սպառնալիքներ, որ իրենք ամեն ինչ կանեն, որ Լիդիանը մտնի տարածք, բռնությունների սադրում, որոնց միջամտել է նաև տեղի ոստիկանությունը։

Դրանից բացի, պահնորդական ընկերության աշխատակիցները չեն կրել օրենքով պահանջվող տեղեկատվություն իրենց հագուստի վրա, ինչի կապակցությամբ 2020թ․ հուլիսի 17-ին դիմում ենք հղել լիազոր մարմնին՝ ՀՀ ոստիկանությանը։

Օգոստոս ամսվա դրությամբ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն ակտիվորեն փորձում է համալրել իր աշխատակազմը։ Ընկերության ֆեյսբուքյան էջին հայտարարություն զետեղելուց բացի, «սպորտային կազմվածքով, բարձրահասակ, թիկնեղ, խելացի, լարված իրավիճակներին տիրապետող» մարդկանց աշխատանքի ընդունելու հայտարարություններ ընկերությունը տարածել է նաև list.am կայքում։

Մեզ հասել են տեղեկություններ, որ Ամուլսարի տարածքում ընկերության համար աշխատում են նախկին զինվորականներ, ինչը համադրելի է այնտեղ կամուֆլյաժային հագուստով ու զինված պահնորդների կեցվածքի հետ։

Ակնհայտ է, որ նոր տերեր ունեցող Լիդիան ընկերության ստրատեգիան բռնություններ հրահրելն է, որպեսզի այն արդարացնի ոստիկանության միջամտությունը։

Վերջինիս գործողությունները հանգիստ կարող են ուղղվել ընդդեմ Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների, ովքեր ուղիղ երկու տարի իրենք կյանքն են դրել Ամուլսարն ու իրենց ընտրած միջավայրում ապրելու իրավոնքը պահպանելու համար։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում բռնությամբ որևէ հարց չի լուծվելու։

Առանց բռնության դիմելու, հենց խաղաղ պայքարի մեթոդներով են պայքարում Ջերմուկի ու Գնդեվազի, ինչպես նաև այս պայքարին միացած Հայաստանի այլ բնակավայրերի գիտակից ու պատասխանատու բնակիչները՝ իրականացնելով իրենց խաղաղ անհնազանդությունը մի աղետալի հանքարդյունաբերական ծրագրի դեմ, որն իրենց ու ապագա սերունդներին է պարտադրվել կոռումպացված նախկին իշխանությունների թեթև ձեռքով։

Միլիտարիստական կեցվածքով, սպառնալիքներով ու սադրանքներով ակտիվացված Լիդիանի գործողությունները հուշում են, որ այս մասնավոր ընկերությունը կարող է փորձել բռնությունների գնով պարտադրել իր ապօրինի, մահաբեր, սպեկուլյացիաներով լեցուն ծրագիրը։

Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, պաշտոնյաներին, լրատվամիջոցներին կանխել հնարավոր բռնություններն Ամուլսարի տարածքում՝ թույլ չտալով, որ մասնավոր որևէ ընկերություն, լինի պահնորդական, շինարարական, հանքարդյունաբերական ընկերություն, թե պարզապես խմբավորում, կարողանա որևէ բռնի գործողություն կատարել Ամուլսարում, ավելին՝ ձեռք, մահակ կամ զենք բարձրացնի մեծագույն զոհողության գնով Հայաստանի ու տարածաշրջանի էկոլոգիական, սոցիալական ու տնտեսական հարց լուծող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների վրա։

Ամուլսարի պահպանության պայքարը եղել ու մնալու է խաղաղ դիմադրություն, և կոչ ենք անում հետևյալ գործողություններով դեմ կանգնել Ամուլսարի տարածք բռնություններ մտցնելուն․

1.Հրաժարվել համագործակցել «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի, «Էկոբիլդինգ» ընկերության, Լիդիանի ու նրա կապալառուների հետ առհասարակ, այսինքն՝ չաշխատել այդ ընկերություններում, չմատուցել դրանց որևէ տեսակի ծառայություն։ Սա քաղաքացիական անհնազանդությանը բնորոշ խաղաղ պայքարի մեթոդներից մեկն է։ Նույնիսկ եթե առաջարկվող վարձը բարձր թվա, մի՛ գայթակղվեք փողին, մի՛ աշխատեք մի տեղ, որտեղ Հայաստանի պայքարող քաղաքացիների նկատմամբ ձեռք են բարձրացնում ու վտանգում են երկրի ապագան։

2.Ֆիզիկապես ներկա գտնվել Ամուլսարի պահպանության կետերում և Ջերմուկում, բարոյապես ու նյութապես աջակցել տեղի բնակիչներին։

3.Փաստագրել վերը թվարկված ընկերությունների ոտնձգություններն Ամուլսարի պահապանների նկատմամբ։

4.Բոյկոտել Լիդիանի պատվիրած լրատվական նյութերը պրոպագանդող լրատվամիջոցները։

Մինչ այդ, Ջերմուկի ու Գնդեվազի անձնազոհ բնակիչներին կոչ ենք անում շարունակել մնալ խաղաղ, նրանց նկատմամբ բռունցք, մահակ կամ զենք բարձրացնողները վաղուց պարտված են։

Լիդիան ընկերությունը կարող է Ամուլսարի տարածքից հեռացնել իր վերջին գույքը, վերականգնել ավերած լանդշաֆտն ու մեկընդմիշտ հեռանալ այդ տարածքից։ Որևէ այլ նպատակով այդ ընկերության ներկայությունն Ամուլսարում չի թույլատրվելու։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնություն

 

 

Նույն շարքից