Իրավական Տեսանյութեր 

Ոստիկանների հետ կարող էր ձեռնամարտ սկսվել. Փաստաբանը պարզաբանում է, թե ինչ է կատարվում M Group-ում

analitik.am

 

«M Group» շինարարական ընկերությունում իրավապահների գործողությունները դեռ շարունակվում են:

Լրագրողների հետ զրույցում ընկերության փաստաբաններից Ամրամ Մակինյանը նշեց, որ չնայած իրենց բազմաթիվ խնդրանքների, հորդորների, խուզարկությունը շարունակվում է. «Ըստ էության, կատարվում է խուզարկությանը բնորոշ գործողություններ: Անունը դրել են զննություն, բայց խուզարկություն է կատարվում: Փնտրում են առարկաներ, իրեր, խոսքը հիմնականում վերաբերում է փաստաթղթերի»:

Փաստաբանի խոսքերով, զննության ընթացքում այդ փաստաթղթերը պետք է զննվեն, սակայն այս դեպքում դարակներում առկա փաստաթղթերը ոստիկանության ցուցումով հանվել ու դրվել են սեղաններին. «Աշխատողները չեն իմացել, որ իրավունք են ունեցել այդ պահանջը չկատարել: Փաստաթղթերն առանց զննելու վերցնում են ու դնում իրենց փաթեթների մեջ»:

Մակինյանը դա որակեց որպես գողություն. «Սա առևտրային կազմակերպություն է, այստեղ կան առևտրային, բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, աշխատակիցների անձնական տվյալներին վերաբերող տեղեկություններ: Դրանց հասնելու համար կոնկրետ եղանակներ կան, ամենաօրինական եղանակը դատարանի օրինաչափ որոշումն է: Սակայն, քանի որ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն եղել, մարդիկ օրենքը ոչ թե շրջանցել, այլ ոտնատակ են տալիս: Այստեղ իրավունքի հետ կապ չունեցող գործողություններ են կատարվում, սա աբսուրդ է»:

Քրեական գործ չի հարուցվել, սակայն աշխատասենյակներից վերցվում է ամեն ինչ, ինչի արդյունքում ընկերության աշխատանքն այս պահից սկսված դադարեցվում է. «Ինձ ընկերության տնօրենը հուշեց, որ իրենք շատ մոտ ապագայում պատրաստվում էին մասնակցել գնումների գործընթացների: Ոստիկանությունն էլ չգիտի, թե ինչ են առգրավում, դրանք նույնիսկ չեն համարակալվում»:

Արդյունքում ընկերությունը կրելու է նաև ֆինանսական վնասներ, անգամ հարցականի տակ է աշխատակիցներին աշխատավարձ տալը. «Ես չեմ հասկանում, թե որտեղից ոստիկանության աշխատակիցներին այս վստահությունը, որ կարող են անել ամեն ինչ ու դրա համար պատասխան չտան: Այս դեպքում ոտնատակ են տալիս օրենքը: Ի՞նչ են սովորեցնում, որ կարելի է անել ամեն ինչ ու դա կանցնի կգնա»:

Հարցին՝ արդյո՞ք տնօրինությունն իրավունք չի ունեցել թույլ չտալու ոստիկանությանը գործողություններ կատարել, Մակինյանը նշեց, որ ի սկզբանե թույլ չեն տվել, սակայն արդյունքում բառի բուն իմաստով կարող էր ձեռնամարտ սկսվել ոստիկանների հետ. «Մենք չենք գնում ձեռնամարտի, էլի փորձում ենք իրավական ճանաարհով հասնել իրավունքի պահպանմանը: Ոստիկանները հիմա հանձնարարական են կատարում»:

«Ես երբեք ականատես չեմ եղել անօրինականության այսպիսի չափի»,-հավելեց նա:

Մակինյանի խոսքերով, այսօր Հայաստանում վտանգված է իրավակարգը, մարդու իրավունքները. «Վաղը ձեզ մեքենայից կքաշեն, մյուս օրը կպառկացնեն ասֆալտին և այլն: Ու քանի դեռ չեն հասել հասարակության կոնկրետ անդամի տուն, նրա գնահատականները լոյալ են: Կողքից նայող ու ծափ տվողները պետք է հասկանան, որ վաղն այս մարդիկ կատարելու են իրենց նկատմամբ հանձնարարությունները, իրենց են ձերբակալելու: Սա պետք է կանգնեցնել: Քաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ օրենքները պետք է պահպանվեն ու պաշտպանվեն»:

Նույն շարքից