Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսից մահացած մորաքրոջ որդու մարմինը ճանաչելու համար «դիահերձարան» գնացած Անահիտ Հարությունյանը չի կարողանում մոռանալ տեսածը. Panorama.am

Երկու շաբաթ առաջ կորոնավիրուսից մահացած մորաքրոջ որդու մարմինը ճանաչելու համար «դիահերձարան» գնացած Անահիտ Հարությունյանը չի կարողանում մոռանալ տեսածը՝ անմարդկային, ոչ սանիտարական պայմաններ, սարսափ։ Այս մասին գրում է Panorama.am-ը:

«Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների մարմինները չեն հերձում։

«Եղբորս մարմինը տեղափոխել էին Թոքաբանության ազգային կենտրոնի տարածքում գտնվող դիարհերձարան կոչվող շենքը։ Ինչպես հասկացա, այստեղ են բերում Քովիդից մահացածների դիերը։ Ես եմ անձամբ գնացել, այն ինչ տեսա սարսափ էր։ Մարդկանց մարմինները, սև տոպրակների մեջ անցկացրած, ընկած էին գետնին»,- տեսածի մասին Panorama.am-ին պատմում է Անահիտը։

Նրա խոսքով, դիահերձարանի շենքը սովետական քայքայված շինություն է, իսկ ներսում կատարվողն ուղղակի անհարգալից վերաբերմունք մահացածների ու նրանց հարազատների նկատմամբ։

«Լավ, հասկանում եմ, տարածք չեն կարողացել շատ արագ գտնել, բայց մի՞թե հնարավոր չէր երկու հոգու վարձել, մի սենյակն ուղղակի սպիտակեցնել, տասը հատ տապչան դնել ու մահացածներին դրանց վրա շարել։ Կիսախարխուլ շենքի ջարդված դուռը բացվում է, ու դու գետնին տեսնում ես սև տոպրակներ։ Սկզբում չհասկացա, թե ինչ են, հետո դիմացս դուրս եկավ կոմբինիզոնով ու դիմակով մի մարդ, վրան ամբողջությամբ արյան հետքեր։ Ուզում էի հասկանալ, էս ո՞ւր եմ եկել, սպանդանո՞ց։ Ներս մտա, տեսնեմ սև տոպրակներում մարդիկ են»,- նկարագրում է մեր զրուցակիցը։

Նա զարմացած է՝ եթե հիվանդությունն այնքան վտանգավոր է, որ  նույնիսկ դիահերձում չեն կատարում, ապա ինչո՞ւ դիահերձարան մտնելիս իրեն միայն դիմակ ու ձեռնոց տվեցին։

«Քույրս հարցնում է՝ ապակու հետևի՞ց են ցույց տալիս մահացածներին,  ասում եմ՝ ի՞նչ ապակու հետևից, մահացած մարդիկ ընկած էին ոտքերիս տակ։ Այնպես չէր, որ հերթով մարմինները շարված էին։ Ուղեկցողի ձեռքի շարժումից ես հականում եմ, որ ոտքիս մոտ ընկած դին իմ եղբայրն է։ Տեսնում եմ՝ բերանը բաց, ինչպես որ մահացել է։ Հասկացանք, չեք դիահերձում, բա մի հատ նորմալ տեսքի չբերե՞ք։ Գիտեն, որ տվյալ մարդու հարազատը գալիս է ճանաչելու մարմինը, գոնե նրան հատակից բարձրացնեն, մի սեղանի վրա դնեն։ Հոգեբանական առումով ես ահավոր վիճակում եմ։ Անընդհատ բաներ եմ փնտրում, որ արդարացնեմ իրավիճակը, բայց արդարացնելու ոչ մի բան չկա։ Էդ պահին եղբորս քթից արյուն է գնում, ինձ ասում է՝ կներեք, քիթը մաքրում է, ու նույն ձեռքով գրիչ է տալիս, որ գրեմ՝ «ճանաչեցի եղբորս»։ Առանց այդ էլ դիահերձարան գնացող հարազատը շոկի մեջ  է, թե ոնց վրա հասավ մահը, դա էլ չգիտենք, երեք օր առաջ լրիվ նորմալ մարդուն ռենտգեն են անում, ասում են՝ ամեն ինչ լավ է»,- ասում է նա»,-գրում է լրատվամիջոցը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից