Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Կորոնավիրուսի վերաբերյալ բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են նաև վատ լուրեր. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում շարունակում է բարելավվել: Օգոստոսի 4-ին, հունիսի 4-ից հետո առաջին անգամ ակտիվ դեպքերի թիվը պակաս է 8 հազարից: Մենք, ըստ էության, բոլոր ցուցանիշների գծով գտնվում ենք մայիսի վերջին ու հունիսի առաջին շաբաթվա արձանագրված թվերի մակարդակին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, այս բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են նաև վատ լուրեր. «Նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ ՀՀ քաղաքացիները թվերի անկումը, վարակի աճի տեմպի անկումը սկսել են մեկնաբանել որպես հակահամաճարակային կանոնները չպահպանելու առիթ, նույնիսկ այնպիսի իրավիճակ է, որ շատերին թվում է, թե կորոնավիրուսային իրավիճակը հաղթահարված է, ինչն այդպես չէ»:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ վատ, եթե արձագանքը պատշաճ չլինի, նորից կարող ենք իրավիճակը ետ գլորել. «Մենք գտնվում ենք նույն վտանգներին հանդիման, որի դիմաց գտնվում էինք մայիսի կեսերին, երբ ակնկալում էինք, որ ապակենտրոն պայքար կսկսվի, ինչն այդքան էլ արդյունավետ չստացվեց»:

Վարչապետը նշեց, որ պայքարն  արդյունավետ կլինի կառավարության ու քաղաքացիների համագործակցության արդյունքում, կառավարությունը պետք է ասի, թե ինչ պետք է անել, իսկ քաղաքացինեը պետք է լսեն:

Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ հակահամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի բաց ու փակ տարածքներում դիմակ կրելը. «Մենք հնարավորություն ենք ստացել հաղթահարելու իրավիճակը, ինչը կախված է մեզանից յուրաքանչյուրից»:

 

Նույն շարքից