Քաղաքականություն 

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան և Հայաստանը

 

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան (ՀՄԿ) հիմնվել է 2004թ․՝ ի պատասխան այն ժամանակ գոյություն ունեցող արտաքին օգնության ծրագրերի նկատմամբ լայնատարած դժգոհության:

Այն Միացյալ Նահանգների կողմից տնտեսական օգնություն տրամադրելու մեջ էական փոփոխություն մտցրեց:

ՀՄԿ-ն հիմնված է այն գաղափարի վրա, որ տնտեսական զարգացումն առավելագույն հաջողություն է ունենում, երբ այն կապված է ազատ շուկայական տնտեսության, ժողովրդավարական սկզբունքների և քաղաքականության հետ, և երբ կառավարությունները հանձնառու են իրականացնել բարեփոխումների միջոցառումներ այդպիսի նպատակներին հասնելու համար:

2004 թ.-ի հունվարին Կոնգրեսը «2003 թ. Հազարամյակի մարտահրավեր» ակտով հաստատեց նոր նախաձեռնությունը։ Այն ստեղծեց ՀՄԿ-ն` որպես կառավարության մարմին՝ Պետդեպարտամենտից, Գանձապետարանից և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից («USAID») առանձին։ ՀՄԿ ստեղծման նախնական առաջարկն արվել է նախագահ Ջորջ Ու․ Բուշի կողմից 2002 թ. մարտի 14-ի իր ելույթում։

Այն տարբերվում էր օգնության նախկին տեսակներից իր շրջանակով և նախատեսված էր լինել որպես մեծ գործակալություն, որի տարեկան ֆինանսավորումը ամբողջական հիմնումից հետո կկազմեր 5 միլիարդ դոլար:

Չնայած նրան, որ ՀՄԿ-ի տարեկան ֆինանսավորումը երբեք չի մոտեցել 5 միլիարդ դոլարի շեմին, Կոնգրեսը սերտորեն հետևել է ՀՄԿ-ի իրականացմանը ստեղծման պահից։

2011 ֆիսկալ տարվանից Կոնգրեսը տարեկան հատկացրել է ՀՄԿ-ի գործունեության համար մոտ 900 միլիոն դոլար, այդ թվում 905 միլիոն դոլար՝ 2019 ֆիսկալ տարվա համար:

ՀՄԿ-ի տարբերակիչ առանձնահատկություններից մեկն այն երկրների ընտրությունն է, որոնք ստանում են այդ օգնությունը:

Ոչ մի այլ օգնություն տրամադրող գործակալություն՝ թե՛ ԱՄՆ, թե՛ օտարերկրյա, նմանատիպ մեթոդաբանություն չի որդեգրել՝ օգնության ռեսուրսները բաշխելու համար:

Օգնություն ստանալու համար ընտրության գործընթացի առաջին փուլը թեկնածու երկրների շրջանակն ընտրելն է։ Թեկնածու լինելու համար երկիրը պետք է.

1.Աշխարհի պակաս զարգացած երկրների շարքում լինի՝ Համաշխարհային բանկի՝ տվյալ տարվա դասակարգման համաձայն, որը սահմանվում է կամ

ա. Այդ տարվա դասակարգման համապատասխան ցածր եկամտի կամ ցածր միջին եկամտի կատեգորիային երկրի համապատասխանությամբ (2020թ. հուլիսին Համախարհային բանկի կողմից հրապարակված դասակարգման համաձայն այս սահմանը կազմում է համախառն ազգային եկատի (GNI) մեկ շնչի հաշվով 4,045 դոլար), կամ

բ. Պետք է լինի մեկ շնչի հաշվով ամենացածր եկամուտ ունեցող 75 երկրների շարքում, որը դասակարգվում է Համաշխարհային բանկի կողմից, և

2.Ենթակա չլինել իրավական արգելքների օտարերկրյա օգնության ստացման համար:

Ընտրության գործընթացի երկրորդ փուլը երկրների ընտրության չափանիշների և մեթոդաբանության հրապարակումն է։

Երկրի ընտրության չափանիշներն ու մեթոդաբանությունն այն կանոններն ու միջոցառումներն են, որոնց օգնությամբ տնօրենների խորհուրդը որոշում է երկրի համապատասխանելիությունը։
Երկրի համապատասխանելիությունը որոշելիս խորհուրդը հաշվի է առնում.

-Երկրի արձանագրած արդյունքներն ըստ ցուցանիշների,

-Երկրում աղքատության կրճատման և տնտեսական աճ գրանցելու հնարավորությունը,

-Դրամական միջոցների առկայությունը:

Բացի այդ, այն երկրների համար, որոնք թեկնածու են հետագա ընտրության համար, խորհուրդը հաշվի է առնում, թե, ինչպես է յուրաքանչյուր երկիր իրեն դրսևորել օգնության իր նախորդ պայմանագրերի իրականացման ժամանակ, այդ թվում `այդ պայմանագրի արդյունքներին հասնելու ուղղությամբ երկրի առաջընթացը, ՀՄԿ-ի հետ երկրի գործընկերության բնույթը և, թե որքանով է երկիրն իրագործել պայմանագիրը` ՀՄԿ-ի հիմնական քաղաքականությունների և չափանիշների համաձայն:

ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրենը Կոնգրեսին է ներկայացնում զեկույց, որում նկարագրվում են այդ չափանիշները և մեթոդաբանությունը:

Օրենքով այս զեկույցը պետք է ներկայացվի Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին և հրապարակվի Դաշնային ռեգիստրում՝ ոչ ուշ, քան 60 օր առաջ մինչև ՀՄԿ խորհրդի կողմից պայմանագրի համապատասխանելի երկրների ընտրությունը:

Չափանիշների հրապարակումից կարճ ժամանակ անց, ՀՄԿ-ն հրապարակում է յուրաքանչյուր թեկնածու երկրի գործունեության արդյունքների քարտ:

ՀՄԿ խորհուրդն այնուհետև ընտրում է պայմանագրի համապատասխանելի երկրներին, սովորաբար դեկտեմբերին կայանալիք իր եռամսյակային ժողովում։ Սա արդեն իսկ ընտրության երրորդ փուլն է։

ՀՄԿ-ն թեկնածու երկրներին ենթարկում է երեք թեստի կապված իրենց ցուցանիշների հետ: Երկրները պետք է նվազագույնը բավարարեն հետևյալ ցուցիչները.

1.« Freedom House»-ի ժողովրդավարական իրավունքների երկու ցուցիչներից մեկը (Քաղաքական իրավունքներ կամ քաղաքացիական ազատություններ),

2.Համաշխարհային բանկի / «Բրուքինգզ» «Կոռուպցիայի վերահսկողության» ցուցիչը և

3.Քսան ցուցիչներից տասը, ներառյալ առնվազն մեկ ցուցիչ երեք կատեգորիաներից յուրաքանչյուրում:

Ցուցանիշների մեծ մասի դեպքում, թեկնածուն այն բավարարում է, եթե իր միավորով բարձր է եկամտային իր խմբի միջին ցուցանիշից:

Երկրները մրցակցում են միմյանց հետ ՝ հիմնվելով Համաշխարհային բանկի եկամուտների տարեկան դասակարգման վրա։

Ինչպես արդեն նշվել էր. ծրագրին կարող են մասնակցել երկրները, որոնք հայտնվել են ցածր և ցածր միջին եկամուտ ունեցող երկրների խմբում։

Ցուցանիշներին բավարարող քարտը ինքնաբերաբար չի շնորհում պայմանագրի համապատասխանելիություն:

ՀՄԿ խորհուրդը նաև հաշվի է առնում ֆինանսավորման առկայությունը և պայմանագրի հնարավոր ազդեցությունը աղքատության կրճատման վրա, և կարող է ընտրել մեկ երկիր, այլ ոչ մյուսին հիմնականում այն պատճառով, որ այն ունի ավելի շատ աղքատ քաղաքացիներ:

Բացի այդ, ՀՄԿ-ն պնդում է, որ ցուցանիշների քարտերը երկրի վարած քաղաքական ծրագրերի և գործունեության թերի պատկերներ են արտացոլում:

Տվյալների հավաքագրումը կարող է ետ գցել երկրի ընտրությունը մեկ տարով կամ ավելի երկար։ Երկրի դիրքը մյուս երկրների նկատմամբ կարող է այդպիսով տարեցտարի զգալիորեն տատանվել՝ առանց երկրի վարած քաղաքական ծրագրերում որևէ էական փոփոխության:

Թեկնածու երկրները կարող են վատ արդյունք գրանցել նոր չափանիշի շրջանակներում, որը չէին ակնկալում կամ երբ կատարողականությունը չափող հաստատությունները բարելավում կամ վերանայում են իրենց ցուցանիշները։

2011թ․ օրինակ Խորհուրդը վերագնահատեց Վրաստանի ձախողումը վարակազերծման ցուցիչի հարցում այն բանից հետո, երբ հայտնաբերվեց, որ դա մասամբ պայմանավորված էր այնտեղ պատվաստանյութերի պակասով:

Դրամաշնորհը ստանալու համար հազարամյակի մարտահրավերի շրջանակում կնքված «Կոմպակտ» պայմանագիրը իրենից ներկայացնում է մեծ, հնգամյա դրամաշնորհային ծրագիր ընտրված երկրների համար, որոնք համապատասխանում են ՀՄԿ-ի համապատասխանելիության չափանիշներին:

Իսկ «Շեմային» ծրագիրը փոքր դրամաշնորհների տրամադրման ծրագիր է, որը կենտրոնացած է քաղաքականության և ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա այն ընտրված երկրներում, որոնք մոտ են ՀՄԿ-ի համապատասխանելիության չափանիշներն անցնելուն և ամուր հանձնառություն են ցուցաբերում կատարելագործել իրենց քաղաքականության արդյունավետությունը:

2004թ․ նոյեմբերի 8-ին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ընտրեց 2005 ֆինանսական տարվա համար համապատասխանելի երկրներին:

Այս որոշումը ևս մեկ քայլ էր դեպի նախագահի տեսլականը կյանքի կոչելուն՝ զարգացման շրջանակը և իր նորարարական ՀՄԿ նախաձեռնությունը էլ ավելի ընդլայնելուն։

Հատկանշական է, որ առաջին ընտրված երկրների ցանկում էր Հայաստանը։ Մյուս ընտրված 15 երկրներն էին Մարոկկոն, Բենինը, Բոլիվիան, Վրաստանը, Գանան, Հոնդուրասը, Լեսոթոյը, Մադագասկարը, Մալին, Մոնղոլիան, Մոզամբիկը, Նիկարագուան, Սենեգալը, Շրի Լանկան և Վանուատուն:

ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության միջև «Հազարամյակի մարտահրավեր» 235,65 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիրը կնքվեց 2006թ. մարտի 27-ին Միացյալ նահանգների դեսպան Դանիլովիչի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի կողմից։

Ստորագրմանը ներկա էին և ելույթով հանդես եկան նաև ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը՝ որպես ՀՄԿ Խորհդրի նախագահ, և ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

Հայաստանի «Հազարամյակի մարտահրավերներ» կոմպակտի նպատակն էր նվազեցնել գյուղական աղքատությունը գյուղատնտեսության ոլորտի տնտեսական գործունեության կայուն աճի միջոցով:

Համաձայնագիրը բաղկացած էր երկու ներդրումային ծրագրերից` «Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիր» և «Ոռոգվող գյուղատնտեսության ծրագիր»:

Ծրագիրն ուղղված էր գյուղական բնակչության 75 տոկոսին և նախատեսում էր զգալիորեն բարձրացնել գյուղերում ապրող աղքատների տարեկան եկամուտները:

Հայաստանի Կոմպակտը նաև փոփոխության ենթարկվեց 2008թ․ հոկտեմբերին համաշխարհային շինարարության գների և արժույթի տատանումների պատճառով:

Բացի այդ, ՀՄԿ տնօրենների խորհրդի 2009թ․ հունիսի հանդիպումից հետո ՀՄԿ-ն չվերսկսեց ֆինանսավորումը՝ կոմպակտով սահմանված հետագա ճանապարհաշինության և վերականգնման աշխատանքների համար՝ կապված Հայաստանում ժողովրդավարական կառավարման կարգավիճակի վերաբերյալ մտահոգությունների հետ: Սա կրճատեց նախնական 235 միլիոն դոլարի կոմպակտը մոտավորապես 177 միլիոն դոլարի: Այս որոշումից առաջ ավարտվել էր մոտ 25 կիլոմետր ճանապարհի շինարարությունը:

Այսպիսով Միացյալ Նահանգները կասեցրեց Հայաստանի համար 235,6 միլիոն դոլարի օգնության ծրագրի գրեթե մեկ երրորդը՝ վկայակոչելով Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարական պրակտիկայի վատթարացումը:

2009թ․ հունիսի 10-ին ՀՄԿ-ն նշեց, որ 67 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը՝ վերակառուցելու և վերանորոգելու մոտավորապես 1000 կիլոմետր հայկական գյուղական ճանապարհներ, մոտ ապագայում չի իրականացվի։

Ֆինանսավորման սառեցումից ի վեր մինչ 2018 ֆիսկալ տարին ներառյալ Հայաստանը եղել է թեկնածու երկիր՝ ըստ մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամտի։

Համաշխարհային բանկը այդ եկամտի մակարդակի նոր շեմերը սահմանում է Բանկի ֆիսկալ տարվա սկզբին՝ հուլիսին և ուժի մեջ է մնում 12 ամիս, անկախ գնահատումների հետագա փոփոխությունների:

Հենց Համաշխարհային բանկի 2018թ․ հուլիսին տրամադրած եկամտի դասակարգման նոր շեմով Հայաստանը փոխեց մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտով (GNI) իր դասակարգումը՝ ցածր միջին եկամտից անցնելով բարձր միջին եկամտի մակարդակ (3,896-12,055 ԱՄՆ դոլար)՝ ունենալով 3,950 ԱՄՆ դոլար մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտ (GNI), որի հետևանքով էլ չկարողացավ ընկնել այդ տարվա հազարամյակի մարտահրավեր ծրագրի թեկնածու երկրների ցանկի մեջ՝ չբավարարելով վերջինիս առաջին չափանիշը։

Հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով ՀՀ կրած տնտեսական լուրջ հետևանքները, մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը անկում կգրանցի, հետևաբար՝ Համաշխարհային բանկի երկրների եկամտային դասակարգման մեջ առանձնակի փոփոխություններ չլինելու դեպքում Հայաստանը ՀՄԿ 2022 ֆիսկալ տարվա համար կարող է դառնալ թեկնածու երկիր։

Armenian Center for American Studies

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից